Լրահոս

21.05.2012 14:10


Հայաստանի Եռաչափ Մոդելավորողների Միությունը միանում է տեխնոլոգիական և ինովացիոն զարգացման նախարարության ստեղծման նախաձեռնությանը

Հայաստանի Եռաչափ Մոդելավորողների Միությունը միանում է տեխնոլոգիական և ինովացիոն զարգացման նախարարության ստեղծման նախաձեռնությանը

Հայաստանի եռաչափ մոդելավորողների միությունը միանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մայիսի 11-ին արված հայտարարությանը Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն զարգացման նախարարության ստեղծման վերաբերյալ:

«Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ, Հայաստանի ինժեներական, ճարտարապետաշինարարական, վիզուալիզացիայի և այլ ոլորտներ ձեռք կբերեն միջազգային շուկայի պահանջարկին համապատասխան մակարդակ, մրցունակություն և կդառնան տարածաշրջանի առաջատար»,- կարևորում է խնդիրը Հայաստանի եռաչափ մոդելավորողների միության նախագահ Գուրգեն Պարոնյանը:  

Նրա խոսքով նախարարության առկայությամբ և գործունեությամբ կլուծվեն նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հայկական շուկայում ինժեներությունը որպես արժեքավոր և կարևոր մասնագիտության համբավի վերականգնումը և պահպանումը, ոլորտի զարգացմանը նպաստող հարկային, մաքսային օրենսդրության բարելավումը, սկսնակ կազմակերպություններին հատուկ ուշադրությամբ և աջակցությամբ ապահովելը և այլն:

Ոլորտի կառավարման նմանատիպ մոդելներ ներդրվել և հաջողությամբ կիրառվում են աշխարհի բազմաթիվ զարգացող և զարգացած երկրներում` Ավստրիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Սերբիայում, Ղազախստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովենիայում, Մալազիայում, Եգիպտոսում և այլն:

 Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հանդես եկավ Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ` ուղղված ՀՀ նախագահին և նորընտիր ազգային ժողովին: Նախաձեռնության նպատակն է ունենալ մեկ միասնական մարմին, որը կհամակարգի ՀՀ-ում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման և զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար:  

Այս խորագրի վերջին նյութերը