Լրահոս

19.05.2012 09:45


Հայաստանի լիբերալ կուսակցության հայտարարությունը

Հայաստանի լիբերալ կուսակցության հայտարարությունը

«Հայաստանի լիբերալ կուսակցությունը, կարևորելով իր մասնակցությունը Հայ ազգային կոնգրեսին, գտնում է, որ 2008–ից սկսած՝ ՀԱԿ-ը լուրջ դերակատարություն է ունեցել երկրի քաղաքական-հասարակական կյանքում, քաղաքական օրակարգի ձևավորման հարցերում, քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներում, երկրում վախի մթնոլորտի հաղթահարմանն ուղղված գործողություններում: Նշված բոլոր ուղղություններով հատկապես զգալի էին ՀԱԿ-ի հաջողությունները 2008-2009-ին: Սակայն, ցավոք, հետագայում ՀԱԿ-ի գործողությունները դարձան պասիվ, երբեմն անհասկանալի, ընդ որում` բոլորի համար: 2012թ. ԱԺ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի համար կրելով սեփական պատասխանատվության մասը` այնուամենայնիվ, գտնում ենք, որ այսօր թերացումների և սխալների մասին խոսելն այլևս ժամանակավրեպ է: Թող յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ գործիչ ինքը մտորի այդ ամենի մասին, եզրահանգումներ անի 2012թ. ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում, և դրանից հետո կուսակցության քաղաքական ակտիվի և բազմաթիվ անդամների հետ քննարկումներից, զրույցներից ելնելով` ՀԼԿ քաղաքական խորհուրդը որոշեց (թիվ3 որոշում, 17.05.2012թ.), որ Հայաստանի լիբերալ կուսակցությունը դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսի կազմից` այլևս աննպտակահարմար համարելով կաշկանդված մնալ ՀԱԿ որոշումների և գործողությունների շրջանակներում:

Միևնույն ժամանակ կուսակցության այն անդամները, ովքեր կցանկանան շարունակել իրենց քաղաքական գործունեությունը ՀԱԿ շրջանակներում և դուրս գալ ՀԼԿ-ից, ազատ են իրենց որոշումներում: Կուսակցության հետագա ծրագրերի և անելիքների մասին որոշումները կընդունվեն 2012թ. աշնանը հրավիրվելիք համագումարում` բազմակողմանի վերլուծությունների և քննարկումների արդյունքում:

Կուսակցության նման որոշման համար հիմնական պատճառ է հանդիսանում ՀԱԿ-ի կողմից ԱԺ յոթ մանդատների ընդունումը: Կուսակցությունը գտնում է, որ պետք է վայր դնել այդ մանդատները և չմտնել խորհրդարան: 2008-ից սկսած՝ համաժողովրդական շարժման համար յոթ մանդատը համարժեք չէ դրված նպատակներին, շարժում, որը մարտի 1-ին տվել է տասը զոհ, ունեցել է ավելի քան 100 քաղբանտարկյալ, հազարավոր մարդիկ դարձել են հալածյալներ:

Հայաստանի լիբերալ կուսակցությունն այսուհետ ևս շարունակելու է աջակցել կուսակցության ծրագրային դրույթների իրականացմանն ուղղված ջանքերի գործադրմանը` այդ ճանապարհին համագործակցելով բոլոր այն ուժերի հետ, որոնց նպատակը կլինի երկրում ժողովրդավարական բարեփոխումների և համակարգային փոփոխությունների իրականացմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի բարձրացմանը, արժեհամակարգի ձևավորմանը, ՀՀ անկախության ամրապնդմանը, իրավական, ժողովրդավարական, սոցիալական, տնտեսապես հզոր, անվտանգ ինքնիշխան պետության կառուցմանը նպաստ բերելը: 

Հայաստանի լիբերալ կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր գործընկերներին այս տարիների համատեղ աշխատանքի ու միասին անցկացրած օրերի համար` մաղթելով նրանց հաջողություն»:

Այս խորագրի վերջին նյութերը