Լրահոս

18.05.2012 15:03


Կիրո Մանոյանը ո՛չ Արծվիկ Մինասյանի համոզումն է կիսում, ո՛չ էլ հարցը քաղաքականացնելը

Կիրո Մանոյանը ո՛չ Արծվիկ Մինասյանի համոզումն է կիսում, ո՛չ էլ հարցը քաղաքականացնելը

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն արձագանքել է  գրող և բլոգեր Վահան Իշխանյանի՝ իրեն ուղղված հարցին։

Իշխանյանը Մանոյանին հացրել էր. «Կիսո՞ւմ եք Ձեր ընկերոջ՝ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետևյալ տեսակետը DIY ակումբը հրդեհելու կապակցությամբ. «Տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով»»։

Կիրո Մանոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ես չեմ կիսում իմ ընկեր Արծվիկ Մինասյանի՝Ձեր մեջբերած անձնական համոզումը, որովհետև գտնում եմ, որ մեր երկրում ոչ ոք՝ ո՛չ սովորական անհատ-քաղաքացին, ո՛չ  իշխանավոր-իրավապահն իրավունք չունեն ուրիշի վրա բռնանալու։ Այլապես եթե յուրաքանչյուրս իր կարծիքների, նախասիրությունների կամ ատելությունների համար սկսի բռնություն կիրառել աջ ու ձախ, կունենանք լրիվ քաոս և անիշխանություն, այլ խոսքով՝ կկորցնենք պետությունը, չի մնա հասարակություն, ժողովուրդ, ազգ և դրանց հետ կապված ամեն ինչը։ Ինչ-ինչ պատճառաբանություններով անհանդուրժողական մոտեցումով՝ չի կարելի ազատ քաղաքացիների արդար երկիր կառուցել։ Միաժամանակ չեմ կիսում այս հարցը քաղաքականացնելու ճիգերը՝ ուղղված ՀՅԴ-ի դեմ։ Ինձ թվում է, որ հանդուրժողականության անունով հանդես եկողներից որոշները իրենք են կանխակալ անհանդուրժողականություն ցուցաբերում պարզապես, որովհետև խնդրին առնչվողներից ոմանք ՀՅԴ-ի անդամ են. նույնն է, թե այդ մարդկանց՝ ազգությամբ հայ կամ քրիստոնյա լինելու համար մեղադրեն ամբողջ հայությանը և բոլոր քրիստոնյաներին։ Ինձ թվում է, որոշ շրջանակներ հարմար առիթ գտան մեկ կողմից հասարակության գոնե մի հատվածի ուշադրությունը շեղելու երկրում առկա բազմաթիվ և ծանրակշիռ խնդիրներից, մյուս կողմից՝ հարվածի տակ դնելու Դաշնակցությանը, ով թեև խորհրդարանական ընտրություններից աթոռների տեսքով եղավ ամենաշատ կորցնողը, բայց շնորհիվ իր վարած փայլուն քարոզարշավի՝ կարևոր ընտրախավ ձեռք բերեց։ 

ՀՅԴ-ի դեմ այս քարոզչությունը հասավ նրան, որ դաշնակցական երիտասարդներ  սկսեցին հայտարարել. «Եթե ազգդ, հայրենիքդ ու ընտանիքդ ուզում ես պաշտպանել թշնամուց, գյոթից ու դավաճանից, ուրեմն ֆաշի՞ստ ես: Եթե այդպես է, ապա ես ֆաշիստ եմ, նացիստ ու ցեղակրոն»։–Նման տեսակետ ունեցող իմ երիտասարդ կուսակիցներին ու մեր համակիրներին խորհուրդ կտայի, թե ամենալավն ու ամենաճիշտը դաշնակցակա՛ն լինելն է. այսինքն՝ ազգային, սոցիալիստական, ժողովրդավար և հեղափոխական, ու բոլոր ուժերով պայքարել հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության համար՝ ձգտելով Հայ դատի լուծմանը, ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը։ Այլ խոսքով՝ հակաֆաշիստ, հականացիստ ու ո՛չ ցեղակրոն։ Պետք չէ տուրք տալ ուրիշների քարոզչությանը և ընկնել իրենց լարած թակարդը՝ գործածելով իրենց կարծրատիպերը, հատկապես երբ ունես քո՝ ՀՅԴ-ի սեփական հստակ գաղափարախոսությունը։ 

Առիթից օգտվելով՝ ուզում եմ նաև անդրադառնալ այս հարցի շուրջ Սփյուռքում ստեղծված արձագանքներին, հատկապես Հյուսիսային Ամերիկայում։ Փաստ է, որ այդ արձագանքը, բնականաբար, նաև ազդված է տեղի քաղաքական մթնոլորտից, քաղաքական օրակարգից։ Տեղերում քաղաքական մթնոլորտի և օրակարգի բնական ազդեցությունն է նաև պատճառը այն փաստի, որ այս հարցը նույն ձևի հնչեղություն չունեցավ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Հյուսիսային Ամերիկայում արձագանքողների մեջ էլ կա երկու խումբ՝ մեկը փորձում է առիթից օգտվել և ՀՅԴ-ի դեմ իր կեցվածքը «հիմնավորել», մյուսը՝ առավելաբար դաշնակցական երիտասարդներ, ովքեր կատարվածների մեջ տեսնում են իրենց անդամակցած կամ համակրած կուսակցության սկզբունքների խախտում։ Ինձ հետաքրքրողը այս երկրորդ խումբն է, որովհետև նրանք իսկապես սրտացավ են, և նրանց համար հարցը սկզբունքային ու գաղափարական է։ Այս երիտասարդներին խորհուրդ կտայի չվհատվել, չհիասթափվել և չհուսահատվել, ճիշտ ձևով շարունակել ընդհանուր գաղափարական պայքարը՝ հաշվի առնելով ու գիտակցելով, որ խնդիրների առկայությունն է այդ գաղափարական պայքարի պատճառը, այլապես եթե ամեն ինչ լիներ իդեալական վիճակում, գաղափարական պայքարի կարիք չէր էլ լինի։ Նաև կարևոր է հաշվի առնել տարբեր հասարակություններում մտածողությունների հոլովույթի հանգրվանների տարբերությունները և այդ գաղափարական պայքարը համապատասխանեցնել այդ քաղաքական իրականություններին։ Այլապես գաղափարական անշահախնդիր պայքարը ոչ միայն օգտակար կարող է չլինել, այլ ընդհակառակը՝ կարող է նույնիսկ վնասել բուն նպատակին։

Ահա այսքան երկար պատասխան Ձեր կարճ հարցին, բայց դա բխում է խնդրի բազմաշերտ ու բազմակողմանի էությունից»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը