Հարցազրույց

18.05.2012 12:09


Լեռնիկ Ալեքսանյան

Լեռնիկ Ալեքսանյան

Հարցարույց ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանի հետ

–Պաշտոնական տվյալներով՝ 2012թ. մայիսի 6–ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ն մեծամասնություն է վերցրել ԱԺ–ում։ Այդ դեպքում, ՀՀԿ–ին կոալիցիան ինչի՞ համար է պետք, ինչո՞ւ է ուզում անպայման կոալիցիա կազմել։

–Հարցն այստեղ ավելի լայն է։ ՀՀԿ–ն զուտ միայն կուսակցություն չէ՝ նաև իշխանություն է, նաև կուսակցության ղեկավար է, երկրի նախագահն է։ Երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար շատ ավելի դրական է քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցելը՝  լինի դա համաձայնություն թե կոալիցիա։ Պարզապես այդպես ավելի արդյունավետ է հասարակության ավելի լայն շերտերի խնդիրները լուծելու համար։ Քաղաքական ուժերն ունեն իրենց հասարակության շերտերը, և ինչքան շատ ուժեր ներգրավվեն, այնքան ավելի շատ խնդիրներ կլուծվեր։ Իսկ եթե զուտ միայն կուսակցության հարց լիներ, ինչ խոսք՝ ձեր ասածը ճիշտ կլիներ։

–Իսկ գուցե ՀՀԿ–ն պարզապես խուսափո՞ւմ է ամբողջական պատասխանատվությունից, կամ էլ այլ պատճառներ կա՞ն...

–Բացարձա՛կ։ Խուսափելու խնդիր չկա։ Նախընտրական քարոզչությունը, ծրագրերը ցույց տվեցին, որ շատ–շատ կուսակցություններ՝ անգամ գաղափարական առումով հակադիր, բայց երկրի առջև ծառացած հիմնական խնդիրների վերաբերյալ նույն ձևով են մտածում, և դրա համար շատ լավ կլինի, որ համաձայնագիր ստորագրեն և այդ խնդիրները միասին լուծեն։

–Պաշտոնական վիճակագրական տվյալներն անգամ ցույց են տալիս, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը ձախողվել է։ Հիմա ՀՀԿ–ն ինչո՞ւ է նրան նորից ուզում ամեն կերպ պահել այդ պաշտոնին։

–Վիճակագրական տվյալներով չի։ Հատկապես կառավարության գործունեությունը էսօրվա, վաղվա տվյալներով չի։ Ծրագիր իրականացնելուց կան նախնական փուլեր, և դրանց արդյունքը որոշ ժամանակ հետո է տեսանելի լինում։ Կառավարությունը շատ լուրջ ծրագրեր ունի, դրանք շարունակական պրոցես են պահանջում և, կարծում եմ՝ պիտի հնարավորություն տալ կառավարությանը, որ ինքը շարունակի իր գործունեությունը։ Սա մեկ։ Իսկ իմ անձնական կարծիքով՝ վարչապետն իր գործը նորմալ կատարում է, նորմալ մասնագետ է։

–Այսինքն՝ կարծում եք, որ Տիգրան Սարգսյանին փոխելու անհրաժեշտություն չկա՞։

–Դա իմ որոշելիք հարցը չէ։ Կարող եմ միայն ասել, որ ընդհանուր առմամբ, որպես կուսակցության անդամ, ես կառավարության գործունեությունը շատ դրական եմ գնահատում՝ հատկապես հաշվի առնելով, որ ինչ արվում է, ծրագրային է արվում, միայն այսօրվա խնդիր չէ։ Իսկ դա շարունակական պրոցես է, և պետք է հնարավորություն տալ՝ մարդը իր գործը մինչև վերջ անի, նոր գնահատել։ Նույն բանկային համակարգի հետ կապված՝ շատ բացասական բաներ էին ասում, բայց այսօր կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում բանկային համակարգը կայացած է։

–ՀՀԿ–ի նախընտրական կարգախոսն էր՝ հավատանք, որ փոխենք։ Բայց մինչ այսօր փաստերը ցույց են տալիս, որ ՀՀԿ–ն շարունակում է իր հին գործելաոճը և փոխվել չի պատրաստվում։ Ե՞րբ պետք է տեսնենք փոխված ՀՀԿ–ին։

–Ես այդ կարծիքին չեմ։ ՀՀԿ–ն և՛ հավատում է, և՛ փորձում է փոխել։

–Օրինակ ի՞նչը։

–Բոլոր հարցերը՝ սկսած ընտրությունների ամբողջ քարոզարշավից... Հետո, գիտե՞ք ինչ, փայտիկ չէ, որ միանգամից 180 աստիճանով փոխի։ Քաղաքական պրոցեսներ են, ու այս ընտրությունները, ով ինչ ուզում է ասի, իմ անձնական կարծիքն է, որ մեկ քայլ առաջ էին (ես չեմ ասում՝ ամեն ինչ 100–տոկոսանոց էր)։ Գալիք ընտրություններ կան, և կարծում եմ, որ քայլ առ քայլ փոփոխությունները կլինեն, մենք էլ հավատում ենք, որ փոփոխությունները լինելու են։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը 

Այս խորագրի վերջին նյութերը