Լրահոս

15.05.2012 17:04


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների տեղական հանձնաժողովի նիստ Բուխարեստում

Հայոց ցեղասպանության  100-րդ  տարելիցին նվիրված միջոցառումների տեղական հանձնաժողովի նիստ Բուխարեստում

Մայիսի 14-ին Բուխարեստի Հայոց միությունում տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանության  100-րդ  տարելիցին նվիրված միջոցառումների տեղական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, որպես պետական հանձնաժողովի քարտուղար, դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանի, սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի ու ռումինահայ մի շարք մտավորականների հետ քննարկեց կազմակերպական հարցեր: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ առաջիկա երեք տարվա ընթացքում համատեղ միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ:

 Նույն օրը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն  Հայկ Դեմոյանն ելույթ ունեցավ Բուխարեստի համալսարանում` ուսանողների, դասախոսական կազմի եւ արտահամալսարանական ունկնդիրների առջեւ:

 

Իր խոսքում դոկտոր Դեմոյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անցյալ չէ, այլ ավելի քան ներկա, քանի որ թուրքական իշխանությունները շարունակում են քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական ճնշումներ գործադրել Հայաստանի վրա,  ահաբեկում եւ հետապնդում են պատմական արդարության մասին արտահայտվողներին, միջազգային մակարդակով ծավալում ժխտողականության քաղաքականություն, վիրավորում եւ վարկաբեկում զոհերի հետնորդներին:  Մոտ երկու ժամ տեւած դասախոսության ընթացքում Հայկ Դեմոյանը պատասխանեց նաեւ ունկնդիրների բազմաթիվ հարցերին:

 

Նախորդ օրը Հայկ Դեմոյանը դեսպան Համլետ Գասպարյանի հետ ներկա էր եղել Բուխարեստի Հայոց կենտրոնում մշակույթի տան նոր մասնաշենքի բացման արարողությանը, որի ընթացքում ներկայացվեցին Արարատ հրատարակչության լույսը ընծայած ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանություն»  եւ Ռաֆաել դե Նոգալեսի/Rafael de Nogales «Չորստարի կիսալուսնի տակ» գրքերի ռումիներեն թարգմանությունները:

Այս խորագրի վերջին նյութերը