Լրահոս

15.05.2012 18:34


Թավրիզն ընդդեմ Բաքվի

Թավրիզն ընդդեմ Բաքվի

 «Յուրովիժն 2012» մրցության անցկացմանն համընթաց, Բաքվում՝ մայիսի 22-26-ը, համասեռականների ցույցի արտոնելը մեծ բողոք է առաջացրել Իրանում: Այդ կապակցությամբ առաջինը բողոք բարձրացրեց Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլահ Մոջթահետ Շաբեսթարին, որին շուտով հետեւեց նաեւ հասարակությունը:

Բողոքները մայիսի 8-ին իրենց գագաթնակետին հասան, Իրանի հյուսիս-արեւմտյան ամենակարեւոր քաղաքում` Թավրիզում: Ավելի քան տասը հազար ցուցարարներ Իսլամական խորհրդարանում Թավրիզի նորընտիր պատգամավոր Մոհամմադ Էսմայիլ Սաիդիի եւ մեծ թվով հոգեւորականների գլխավորությամբ փողոց իջան:

 «Ամոթ քեզ Ալիեւ», «Պրն. Ալիեւ, վախեցիր Աստծո չարչարանքից», «Պրն. Ալիեւ, համասեռամոլների ցույց կազմակերպելու փոխարեն Ղարաբաղի ազատելու մասին մտածիր», «Աշխարհի համասեռամոլները Ադրբեջանում են, իսկ այդ երկրի իսլամականները բանտերում» եւ «Աստծո անեծքը համասեռամոլներին ու նրանց քարոզող, աջակցողներին» լոզունգներով, ցուցարարները իրենց բողոքի երթը շարունակեցին մինչեւ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի շենքի առջեւ, ուր ելույթ ունեցավ պատգամավոր Սաիդին:

«Այս բողոքին մասնակցողները Ադրբեջանի ժողովրդի իսկական բարեկամներն են»,- ասաց Սաիդին եւ նշելով, որ «Ադրբեջանը վերածվել է սիոնիստական վարչակարգի տարածաշրջանային բազայի» խիստ դատապարտեց պաշտոնական Բաքվին եւ ասաց. «Ադրբեջանի իշխանություններից պահանջում ենք անհապաղ խզել հարաբերությունները սիոնիստական իշխանությունների հետ եւ հրաժարվել հակաիրանական քայլերից»:

Այնուհետ Թավրիզի հանրահայտ հոգեւորականներից՝ հոջաթոլիսլամ Մահմուդ Էսմայիլին Ադրբեջանի հիմնահարցը «նրա տարածքների 20 տոկոսի բռնագրաված լինելը» համարելով, Բաքվից պահանջեց «գործնական քայլեր նախաձեռնի այդ տարածքները ազատելու համար»:

Ցույցի ավարտին հրապարակվեց համախոսական, որում ասվում էր.

«Դաս քաղեք արաբական տապալված բռնապետերի՝ Բեն Ալիի, Հոսնի Մուբարաքի եւ Կատտաֆիի ճակատագրից եւ անբարոյականություն քարոզելու փոխարեն Ղարաբաղի ազատագրության մասին մտածեք»:

«Ադրբեջանում այս բոլորը կայանում է, երբ այդ երկրում արգելվում է մզկիթների բարձրախոսներից աղոթականչի սփռումը, ավերվել են մի քանի մզկիթ, միջնակարգ դպրոցների աղջիկներին արգելվում է չադրա կրել եւ ավելի քան հարյուր իսլամիստ կալանավորվել են: Այնտեղ տիրում է վախի ու սարսափի մթնոլորտ ու իսլամիստները սպանվում են կասկածելի պայմաններում»:

Ցուցարարները հրապարակված համախոսականում նաեւ շեշտել են. «Հակաիսլամական եւ հակամարդկային այս քայլերին զուգահեռ, Բաքվի իշխանությունները «Յուրովիժն» մրցությունների կայացման կողքին, համասեռամոլներին արտոնում են ցույցի դուրս գալ, ինչը անտարակույս ցավեցնում է բոլոր մուսուլմանների սիրտը»:

Համախոհականի ստորագրողները վստահեցնում են, որ համասեռականների ցույցի չեղյալ չհայտարարվելու դեպքում, «Ադրբեջանի, Թավրիզի եւ Իրանի այլ քաղաքների ժողովուրդների բարկությունը անսանձելի կդառնա»:

Ցուցարարները հույս են հայտնել, որ Իլհամ Ալիեւը անսալով Թավրիզի ժողովրդի կոչին, չեղյալ կհայտարարի «Յուրովիժն»-ի անցկացումը Բաքվում, կարգիլի համասեռականների ցույցը և սիոնիստական վարչակարգի հետ կխզի բոլոր տեսակի հարաբերությունները, «որոնք հակաիսլամական քայլերի բուն աղբյուրն են»:

Համախոհականն ավարտվում է ներքո տողերով. «Ադրբեջանի Հանրապետությունում ապրող մեր բոլոր քույր-եղբայրներին հայտարարում ենք՝ արդ, այնպես որ այսօր «Շուշա» քաղաքի գրավման 20-ամյակին, մտահոգված են այդ քաղաքի եւ այլ բռնագրավյալ շրջանների ճակատագրի նկատմամբ, մենք եւս նրանց պես սիրելի Ղարաբաղի ազատության ցանկությունն ունենք եւ Ադրբեջանում իսլամական արժեքների հաստատման համար նրանց կողքին ենք լինելու եւ խիստ հավատում ենք Աստծո տված խոստումին՝ ընչազուրկների հաղթանակին Ադրբեջանի բռնապետերի դեմ»:

Նշենք, որ վերոհիշյալ ցույցի իրականացվելուց առաջ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Ալի Ալիզադեն հանդիպել էր այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարիի հետ եւ խնդրել՝ «հրաժարվել հակաադրբեջանական ցույցից», որին Թավրիզի աղոթապետը պատասխանել էր՝ «Միայն այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն հայտարարությամբ հանդես գա համսեռամոլների ցույցի բեկանման մասին, կարելի է մտածել այդ առնչությամբ»:

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան

Այս խորագրի վերջին նյութերը