Լրահոս

15.05.2012 14:31


Եվրոպական 23 քաղաքի հետ միաժամանակ Երևանում կազմակերպվելու են գրական ընթերցումներ

Եվրոպական 23 քաղաքի հետ միաժամանակ Երևանում կազմակերպվելու են գրական ընթերցումներ

Մայիսի 16-ին եվրոպական 23 քաղաք, միանալով «Գրական գիշեր» նախաձեռնությանը, կազմակերպում են գրական ընթերցումներ: Լոնդոնից Մադրիդ, Կիևից մինչև Միլան և Երևան. մեկ օր եվրոպական քաղաքները միավորվում են մեկ գաղափարի ներքո` ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը:

 

Արդեն երկրորդ տարին է Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Երևանը մասնակցում է համաեվրոպական այս նախաձեռնությանը: Նորարար փորձառական արվեստի կենտրոնում երեկոյան ժամը 7-ից Ֆորում թատրոնի դերասանները կընթերցեն հատվածներ Յարոսլավ Հաշեկի (Չեխիա), Վարուժան Ոսկանյանի (Ռումինիա) և Ջոն Ռ.Ռ. Տոլկինի (Միացյալ Թագավորություն) ստեղծագործություններից:

 

Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը կլինի հայ ընթերցասերների ուշադրության կենտրոնում: «Գրական գիշեր» նախաձեռնությանը դերասանները կընթերցեն հատվածներ գրողի հանրահայտ վեպից: Չեխական գրականության հանրահայտ հերոսի պատմությունը մեկ անգամ ևս վեր է հանում պատերազմի անհեթեթությունը:

 

Ռումինական գրականությունը ներկայացնում է հայազգի Վարուժան Ոսկանյանը: Գրող, հրապարակախոս Վարուժան Ոսկանյանը նաև հայտնի քաղաքական գործիչ է, ով եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը: Գրական գիշերվա ընթացքում կընթերցեն նրա «Շշուկների գիրքը» ստեղծագործությունը: Սա մի պատմություն է Ռումինիայի հայ համայնքի ու նրա դառն անցյալի մասին:

 

«Մատանիների տիրակալ»-ի հեղինակ Ջոն Ռ.Ռ. Տոլկինից «Գրական գիշեր» նախաձեռնությանը կընթերցեն «Հոբիտ կամ գնալն ու գալը» վիպակից հատվածներ:

 

«Գրական գիշեր 2012»-ի նպատակն է աջակցել միջմշակութային երկխոսությանը և ստեղծել հարթակ եվրոպական երկրների գրականության ներկայացման համար: Սա յուրօրինակ փորձառություն է, որը համատեղում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը և ներկայացման վայրը:

 

«Գրական գիշեր» նախաձեռնությունը կազմակերպում է Չեխական կենտրոնները EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հետ համագործակցությամբ: «Գրական գիշեր» նախաձեռնությունը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում` ներգրավելով գրողների և դերասանների, քաղաքական գործիչների և մտավորականների: Այս ծրագրի շրջանակում տարվա մեջ մի քանի օր շարունակ մասնակից երկրներում միաժամանակ տեղի են ունենում ընթերցանությանն ու գրականությանը նվիրված միջոցառումներ` այսպիսով մեկ անգամ ևս կարևորելով գրականության դերը միջմշակութային երկխոսության գործում:

Այս խորագրի վերջին նյութերը