Լրահոս

15.05.2012 13:03


Ի՞նչ է կատարվում ՀՀ մշակույթի նախարարությունում

Ի՞նչ է կատարվում ՀՀ մշակույթի նախարարությունում

Իրեն աշխատանքից ազատելու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանի մասին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Գրիգորյանը «a1plus.am»–ին ասել է, որ մինչև այսօր չի կարողանում գլխի ընկնել՝ ինչո՞ւ իրենից ազատվեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը.

«Երևի պատճառը անտիսիմպատիան է։ Գոնե մի անգամ կանչեր, ասեր՝ դու լավ չես քայլում, դու լավ չես խոսում։ Չորս նախարարի հետ եմ աշխատել, 9 տարվա մեջ ոչ մի կարգապահական տույժ՝ ոչ գրավոր, ոչ բանավոր, չունեմ»,-ասել է Մհեր Գրիգորյանը։

Նախարարը նրան ազատել է այս տարվա մայիսի 2-ին, Մհերն աշխատանքի է գնացել մինչև մայիսի 8-ը, և ոչ ոք նրան չի ասել՝ դու ազատված ես։ Մայիսի 8-ին իմացել է իր ազատման մասին։

Մհեր Գրիգորյանը անկուսակցական է, սակայն ընտանիքի չորս չափահաս անդամներն ամբողջ ընտրարշավի ընթացքում աշխատել են ՀՀԿ-ի համար։

«Հասմիկ Պողոսյանը ՀՀԿ ցուցակի 46-րդ համարն էր։ Ես աշխատում էի մարդու համար, ով պատրաստվում էր ինձ հետ հաշվեհարդար տեսնել»,-հետին թվով իր նախընտրական գործունեությունն է ամփոփել «Ցուցահանդեսային կենտրոնի» տնօրենը և վստահեցրել, որ դիմելու է դատարան։

«Aravot.am»–ն էլ գրել է, որ Մհեր Գրիգորյանին կանչել են նախարարություն ու պարտադրել ստորացուցիչ պայմաններով 15-օրյա պայմանագիր ստորագրել, ինչից Գրիգորյանը, բնականաբար, հրաժարվել է: Ամենազավեշտալին այն է, որ մայիսի 2-ին պայմանագրի ժամկետը լրացած, և արդեն նախկին տնօրենին, այսինքն՝ շարքային քաղաքացուն, որը մինչ այդ  Գերմանիայի Հալլե քաղաքում կազմակերպել էր Հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդես, մայիսի 9-ին վստահել են  Հայաստանում միակ` թանկարժեք Ուրբաթագիրքը ետ բերելու պատիվը:

«Aravot.am»-ն ավելացրել է, որ Հասմիկ Պողոսյանը, որ փոխնախարար Արև Սամուելյանի հետ միասին ապաստան էր գտել ՀՀԿ համամասնական ցուցակում, այս օրերին սկսել է աշխատանքից ազատել կամ ստիպել, որ ազատման դիմում գրեն նախարարության համակարգի մի շարք ներկայացուցիչների ևս: Նրանց թվում են ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, Պատմության թանգարանի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը:

400 արվեստագետ ստորագրահավաք է կազմակերպելէ փորձելով պաշտպանել Ժամանակակից արվեստի վարչության պետի ու փորձառու մասնագետի շահերը, դիմել երկրի նախագահին ու վարչապետին.

«Ըստ որոշ տեղեկությունների՝ Հասմիկ Պողոսյանը չարացած է, որ  շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին, որը նախատեսված է Շուշան Պետրոսյանի համար, դրա համար էլ կտրուկ քայլեր է անում` վերևների համար գործ անող նախարարի իմիտացիա ստեղծելու համար: Իսկ նախարարության կուլիսային խոսակցություններում  շրջանառվում է այն թեման, թե Հասմիկ Պողոսյանը հեռանալուց առաջ որոշել է մուռ հանել  բոլոր այն աշխատակիցներից, ում հետ լավ հարաբերություններ չունի կամ ովքեր «տեր» չունեն, և նրանց փոխարինել իր մարդկանցով»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը