Լրահոս

14.05.2012 09:00


Քաղաքական գործիչները և պետական անվտանգությունը

Քաղաքական գործիչները և պետական անվտանգությունը

Ոչ զարմանալի և ոչ էլ նորություն է, ադրբեջանական կողմի հայկական զինուժի հաղթանակների նսեմացնելու փորձերը, որոնք մե՛րթ «հայերին տրամադրված ռուսական շռայլ օժանդակության» և մե՛րթ իրենց «ներքին դավաճանության» կաղապարով են կատարվում:

Արժի սակայն, աչքի առաջ ունենալ Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիեւի «obyektiv.tv»-ին տված բավական ուշագրավ մեկնաբանությունները, Շուշիի ազատագրման օրերում Ադրբեջանի զինղեկավարության մոտ առկա դրության մասին: Նշենք, որ Հեյդար Ալիեւի նախագահության օրոք կայացած դատավարությամբ Ղազիեւը Շուշին հայերին հանձնելու հանցանքով մեղադրվել էր «պետական դավաճանության մեջ»:

Ղազիեւն ասել է. «Շուշիի անկման համար ես միայն բարոյական պատասխանատվություն եմ կրում»: Նա պարտության իրական պատասխանատվությունը բարդել է Էլբրուս Օրուջեւի վրա, ով ժամանակին «նշանակված էր Շուշիի պարետ»:

Ղազիեւը շեշտել է, որ, Շուշիում բավարար քանակությամբ զենք-զինամթերք, ռազմական տեխնիկա եւ մարդուժ էր կուտակված, որ «քաղաքի պաշտպանությունը հուսալի լինի»: Ապա հռետորական հարց ուղղել Օրուջեւին, թե «Էդ ո՞նց եղավ, որ քաղաքի բոլոր բնակիչները միանգամայն հեռացան»:

Ղազիեւը հիշեցրել է, որ 1992թ. մարտ-հունիս ամիսներին Ադրբեջանում սուր պայքար էր ծավալվել` տիրանալու իշխանությունը և որ ինքը ենթարկվել է Ժողճակատին, իսկ Շուշիի պարետ Օրուջեւը եւ գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Բահմանովը «քաղաքի պաշտպանության հարցերին լուծում տալու համար եղել են ոչ թե Բաքվում, այլ մեկնել են Նախիջեւան եւ քննարկումներ ունեցել Հեյդար Ալիեւի հետ»:

Որպես «գործարքի» վկայություն Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը մատնանշել է Էլբրուս Օրուջեւի զինվորական գլխապտույտ կարիերան: «Հեյդար Ալիեւի օրոք նա արժանացել է գեներալի կոչման»,- ասել է Ղազիեւը:

Գուցե Ղազիեւի հայտարարածը, նույնպես Շուշիի ազատագրման ռազմագործողության նշանակությունը «նսեմացնելու» մի նոր փորձ է: Բայց և ամեն դեպքում չափազանց ուշագրավ է, ինչպես գրում է, «Վ.Ա.»-ն Ազգ օրաթերթում՝ «նույն ռազմագործողության պատասխանատուներից մեկը «պետական դավաճանության» մեղադրանքով  դատվում եւ տեւական ժամանակ բանտարկվում է, իսկ մյուսը՝ իշխանության վերադարձած Հեյդար Ալիեւից, ստանում զինվորական բարձր կոչում եւ պատիվներ»:

Ուժային կառույցների ղեկավարությանը ներքաշելով քաղաքական առճակատումներում և պետական լծակները քաղաքական մրցակցություններում չարաշահելը, եթե չարատավորեն այդ համակարգները ամբողջովին, բայց կարող են ճակատագրական հետևանքներ պատճառել երկրի անվտանգության համար:

Խմբագրական «Հայաստան» շաբաթաթերթի,

Աթենք, 14 մայիսի 2012, թիվ 776

Այս խորագրի վերջին նյութերը