Հարցազրույց

11.05.2012 17:21


Արմեն Աղայան

Արմեն Աղայան

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Աղայանի հետ

Ինչպե՞ս եք գնահատում մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունները։

–Ինչպես ասում են եվրոպացի դիտորդները, այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին նախորդներից թե՛ ընտրակեղծիքների ծավալի ու ծախսված փողի, թե՛ դրանցում ներգրավված հանցագործների ու կիրառված նորարարությունների, թե՛ ընտրատեղամասերում ձևական արդարություն ցուցադրելու առումով: Բայց դա կանխատեսելի էր բոլոր մասնակիցների համար, որքան էլ նրանք հիմա զարմացած և հիասթափված ձևանան:
Ընտրակեղծիքների կանխատեսելիության պատճառով խորհրդարանական ընտրությունները երբեք չեն ընկալվել որպես իշխանափոխության միջոց, այլ ընդամենն արձանագրել են այդ պահի ընդդիմության առաջնորդին: Այս անգամ դա էլ տեղի չունեցավ, քանի որ ընդդիմադիր դաշտում գործող երեք կուսակցությունների ուժերը գրեթե հավասար էին: Այս արդյունքը կարելի է միանշանակ օբյեկտիվ համարել։ Ընդդիմության առաջատար, փաստորեն, չկա: ՀԱԿ-ի չնչին առավելությունը ոչինչ չի նշանակում, քանի որ իրականում այն վկայում է Տեր-Պետրոսյանի շարժման խոր անկման մասին: Դաշնակցության անկումն այդչափ խոր չէ, բայց կայուն դառնալու միտում ունի: «Ժառանգության» հաջողությունն էլ մեծ չէ: Նրանց անսպասելիորեն ծախսատար քարոզչությունն ավելի արդյունավետ էր մարզերում, իսկ Երևանում «Ժառանգության» անկումը համեմատելի էր Դաշնակցության անկման հետ:
Մյուս, ավելի մեծ ինտրիգն այն էր, թե իշխանական թիմից մի ոտքով դուրս եկած ու զգալի նյութական և այլ լծակներ ունեցող ԲՀԿ-ն կարո՞ղ է իրականացնել այն, ինչի մասին ընդդիմադիրները միայն երազում են՝ կարո՞ղ է հաղթել իշխանության հիմնական հենարան հանդիսացող ՀՀԿ-ին: Բայց պարզվեց, որ դա էլ հեշտ խնդիր չէ, անգամ եթե քեզ աջակցում են որոշ ընդդիմադիրներ նույնպես։

Այդ ընտրություններից հետո ստեղծված մթնոլորտը երկիրն ինչի՞ կհանգեցնի, և ի՞նչ հեռանկար կուրվագծվի։

–Մթնոլորտն առանձնապես չի փոխվել: Պետք է խոսել ոչ թե նոր ի հայտ եկած ինչ-որ երևույթի, այլ քաղաքական համակարգի շարունակվող և խորացող ճգնաժամի մասին: Հայաստանին սպառնացող տխուր հեռանկարը միայն այս ընտրություններով չէ պայմանավորված, այլ իշխանական բոլոր թիմերի օրոք երկու տասնամյակ շարունակվող արտաքին, ներքին, տնտեսական և կրթամշակութային քաղաքականությամբ: Անգամ եթե այս ընտրությունները շատ արդար լինեին, բայց դրանց արդյունքում իշխանության եկած ուժը չփոխեր ռազմավարական ուղղությունը, հետևանքները Հայաստանի համար նույնքան կործանարար կլինեին, որքան հիմա սպասվում է:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը մտադիր է միայնակ վերցնել իշխանությունը և չի ուզում վերացնել քաղաքական մենաշնորհն ու այդպես գնալ նախագահական ընտրությունների։ Սա կանխելու ի՞նչ ելք եք տեսնում։

Քաղաքական մենաշնորհի առկայությունը բնորոշ է միաբևեռ քաղաքական համակարգերին: Ոչ մի իշխանավոր չի ուզենա վերացնել սեփական մենաշնորհը, երբ դրանից չափից շատ բան է կախված: Նախորդ ընտրություններում նման շեշտադրում չկար, քանի որ իշխանական թիմն ավելի միասնական էր: Այս ընտրությունների առանձնահատկությունն իշխանական կոալիցիայում ծագած ներքին մրցակցությունն էր: Նախկինում էլ է պատահել, երբ իշխանական թիմը հակամարտող ճամբարների է բաժանվել, մեկը հաղթել է, մյուսը՝ հեռացել: Գուցե ԲՀԿ-ն ինչ-որ սպառնալիք էր կանխազգում կամ ավելի մեծ հավակնություն ուներ, քան կոալիցիայի կրտսեր անդամի կարգավիճակն էր: Նա դարձավ ՀՀԿ-ի գլխավոր այլընտրանքը, բայց չուզեց վերածվել ընդդիմության, այլ փորձեց պահպանել իշխանական կուսակցության իր կարգավիճակը, գուցե նաև դրանով պայմանավորված լծակները: Եթե այս բացառիկ հանգամանքը չլիներ, «մենաշնորհի» թեման էլ այսքան սուր չէր արծարծվի:
Միաբևեռ քաղաքական համակարգերը բավական անկայուն են: Դրանց տապալումը, ի տարբերություն երկբևեռ համակարգերի, որոշ հավանականություն ունի: Բայց անգամ հավանական իշխանափոխության արդյունքում նոր իշխանությունը դարձյալ մենաշնորհ է հաստատելու: Իսկ եթե որոշ ժամանակ անց, պատմական պայմանների բերումով, հաջողվի անցում կատարել երկկուսակցական իշխանական համակարգի, ապա դա նույնպես զգալի չափով մենաշնորհային կլինի, ուղղակի այդ մենաշնորհը կունենա երկու կրող:
Իմ պատկերացրած լուծումն անցումն է սկզբունքորեն այլ տեսակի ազգային-պետական համակարգի, որտեղ իշխանությունը բավականաչափ տարրալուծված կլինի ազգային ինքնավարության բազմաշերտ և ոչ մրցակցային համակարգում: Բայց դա հերթական կեղծված ընտրությունների տպավորության ներքո խոսվելիք թեմա չէ:

Երբևէ կհաջողվի՞ հայաստանյան հասարակությանն արդար ընտրությունների միջոցով իշխանություն փոխել։

Նայած՝ ինչ հասկանանք «արդար» ասելով: Եթե օրինականը, ապա պատասխանը «ոչ» է: Քանի դեռ միաբևեռ համակարգում ենք, չի հաջողվի, թեև օրինականության արտաքին տպավորությունը միշտ էլ կապահովվի:
Իշխանությունը կարող է փոխվել հերթական կեղծված ընտրություններից հետո տեղի ունեցող զարգացումների արդյունքում կամ նախապես փոխվել իշխանական ճամբարի հերթական պառակտման արդյունքում ու հետո ամրագրվել որևէ քվեարկությամբ: Այդպիսի իշխանափոխությունը նույնպես զգալի չափով հակաօրինական կլինի:
Գուցե սպասենք երկբևեռ համակարգի կայացմանը, երբ մեր իշխանական-սեփականատիրական խավը բաժանվի երկու կուսակցության, ինչպես «զարգացած ժողովրդավարություններում» է, և այդ երկու կուսակցությունները սեփականաշնորհեն հերթով իշխանություն և ընդդիմություն լինելու իրենց բացառիկ իրավունքը՝ մյուս քաղաքական ուժերին մղելով լուսանցք:

Իսկ եթե «արդար» ասելով հասկանանք իսկապես արդարը, գիտակցված, տրամաբանական ու պատասխանատու ընտրությունը, ապա անգամ կատարյալ, օրինական ժողովրդավարության պայմաններում նման բան հնարավոր չէ: Ամեն բան որոշելու է փողը, այս դեպքում ոչ թե ընտրակաշառքը, այլ քարոզչական փողը, ու այդ փողով խաբված ժողովրդական զանգվածի անտեղյակ մեծամասնությունը, ինչպես դա տեղի է ունենում «առաջավոր ժողովրդավարական երկրներում»:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը