Լրահոս

11.05.2012 15:01


Օպերատիվ շտաբի ամփոփիչ խորհրդակցությունը

Օպերատիվ շտաբի ամփոփիչ խորհրդակցությունը

Մայիսի 11-ին տեղի ունեցավ ԱԺ ընտրությունների հարցերով ոստիկանության կենտրոնական ապարատում գործող օպերատիվ շտաբի ամփոփիչ խորհրդակցությունը:

Խորհրդակցությունը վարում էր օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Հունան Պողոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրությունների օրը, ինչպես և ընտրություններին հաջորդած օրերին ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է 174 դեպք, որոնք հիմնականում վերաբերել են ընտրակաշառքին, այլ անձի փոխարեն քվեարկելուն, ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտմանը և այլն: Որպես հանցագործության մասին հաղորդում դիտված 34 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, դրանցից 22-ը հանցագործության դեպքի, իսկ 12-ը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մեկ դեպքով դիմողին տրամադրվել է տեղեկատվություն, 122 դեպքով նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն իր զեկույցում նշեց, որ Ազգային ժողովի ընտրությունների օրը ոստիկանությունում ստացվել է 127 հաղորդում և տեղեկատվություն, այդ թվում` «Թեժ գծով»` 25, հերթապահ մասերում` 59, համացանցի միջոցով` 41 և դիտորդներից` 2: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրախախտումներին, ընտրացուցակների անճշտություններին, ընտրատարածքներում հասարակական կարգի խախտումներին:

Տեղեկությունների և հաղորդումների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ և տրվել պարզաբանումներ: Ահազանգերի զգալի մասի քննությամբ պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ներկայացրեց նախընտրական շրջանում ընտրացուցակների ճշտման ուղղությամբ կատարված աշխատանքը և ընտրությունների օրը ստացված ահազանգերի ընդունման, տեղեկատվության ճշտման, թերությունների շտկման ընթացքը:

Արթուր Օսիկյանը նշեց, որ մայիսի 6-ին, բացի ոստիկանությունում ստացված տեղեկատվությունից, դիտարկվել են բոլոր կայքէջերը, հաղորդագրությունների վերաբերյալ տրվել է 52 պարզաբանում, համապատասխան ցուցումներ են տրվել տեղերում տեղեկատվությունը ճշտելու վերաբերյալ, քաղաքացիներին տրամադրվել է 130 տեղեկանք` լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար և այլն:

Բանախոսն ընդգծեց, որ ոստիկանությունն արձագանքել է նույնիսկ անստույգ տեղեկություններ և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող ահազանգերին, որոնց վերաբերյալ նույնպես տրվել են լիարժեք պարզաբանումներ ու բացատրություններ, հրապարակվել են հերքումներ:

Նիստի ավարտին օպերատիվ շտաբի անդամները սպառիչ պատասխաններ տվեցին լրագրողների հարցերին:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը