Լրահոս

11.05.2012 10:36


«Դալլաքյանը թքում է ընտրողի կամքի վրա». նա դիմել է ԸԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

«Դալլաքյանը թքում է ընտրողի կամքի վրա». նա դիմել է ԸԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

«Aravot.am»–ը գրում է, որ ՀՀԿ-ական դարձած և ԱԺ ընտրության  արդյունքներով  պատգամավորության աթոռը երիտասարդ փաստաբան Էդմոն Մարուքյանին զիջած Վիկտոր Դալլաքյանը դիմել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` պահանջելով անվավեր ճանաչել թիվ 30 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները:

Նա պնդում է, որ հաղթանակած Էդմոն Մարուքյանը վերջին 5 տարում անընդմեջ չի բնակվել ՀՀ-ում, հետևաբար այս ընտրություններում ավելի քան 2400 ձայնի առավելությամբ իրենց առաջ անցած պատգամավորության թեկնածուի հաղթանակը անվավեր պետք է ճանաչել:

Սրան ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանի լիազոր ներկայացուցիչ Կարեն Թումանյանն ասում է, որ Վիկտոր Դալլաքյանի կողմից ներկայացված դիմումում նշված փաստական հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում, ավելին, այդ քայլով Վիկտոր Դալլաքյանը փորձում է ստվեր գցել ընտրողների հավատի ու նրանց  ընտրական կամքի վրա:

«Վանաձորում մարդիկ արդարության նկատմամբ հավատ ձեռք բերեցին, իսկ Վիկտոր Դալլաքյանը ցանկանում է այն ոչնչացնելու փորձ անել` թքելով իր օգտին 3 անգամ անընդմեջ քվեարկած ավելի քան 11 հազար ընտրողի կամքի վրա»,-նշում է նա: Կարեն Թումանյանն ասում է, որ Էդմոն Մարուքյանը ընտրություններում հաղթել է արդարացի, բայց իր համար պետական ապարատի կողմից ստեղծված անհավասար պայմաններում:

«Վիկտոր Դալլաքյանը պետք է իր մեջ ուժ գտնի՝ համակերպվելու պարտության հետ և Էդմոն Մարուքյանին շնորհավորի, այլ ոչ թե ամբողջությամբ պատվազրկվի»,-ասում է փաստաբանը:

Էդմոն Մարուքյանն էլ «Առավոտին» տված հարցազրույցում նշել է, որ Վիկտոր Դալլաքյանը ուղղակի չի հարմարվում պարտության մտքի հետ. «Շնորհավորելու փոխարեն ցանկանում է անվավեր ճանաչել տալ ընտրությունները, այն դեպքում, երբ  շուրջ 12 000 մարդ քվեարկել է իմ օգտին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը