Հարցազրույց

23.05.2009 16:00


Ժիրայր Սեֆիլյան.

Ժիրայր Սեֆիլյան.

 ՀՀ-ում տիրող նախընտրական տրամադրությունը և Վրաստանի ներքաղաքական լարված իրավիճակն ու Ջավախքյան հիմնախնդիրը հաշվի առնելով' «Միտք» վերլուծական կենտրոնը հարցեր է ուղղել Արցախյան ազատամարտի մասնակից, հասարակական-քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանին' նրա տեսակետերին ծանոթանալու նպատակով;

- Պարոն Սեֆիլյան  Ձեր հարցազրույցներից մեկում Դուք ասել եք' երբ Ստեփանակերտը հակադրվում է Երևանին, Երևանում իշխանափոխությունն ավելի հավանական է դառնում:

 - Չեմ ասել հավանական, ասել եմ անխուսափելի  է դառնում, դա լրագրողներն են աղավաղում:

 - Դա ձեր տեսակետն է, թե ՀԱԿ-ինը և վերջինս  դա օգտագործելով իշխանության գալու նպատակ ունի՞:

- Դա իմ տեսակետն է և բացի իմ տեսակետը լինելուց կարծում եմ, որ դա իրականություն է: Հետևելով վերջին 10-15 տարիների կյանքին չեմ կարող չհամաձայնել այն տեսակետին, որ երբ Ստեփանակերտը հակադրվում է Երևանին, (հակադրության պատճառը պարզ է, Արցախյան հարցի լուծման մասին է խոսքը), ապա հնարավոր չի, որ այդ հակադրությունը շարունակվի, և ո'չ Երևանում, ո'չ Ստեփանակերտում փոփոխություններ չլինեն:

Տրամաբանությունը հուշում է, որ Երևանը Ստեփանակերտում պիտի գտնի այդպիսի մարդկանց, ովքեր կհանձնեն ազատագրված տարածքները: Բայց Արցախում հնարավոր չէ գտնել այնպիսի մարդկանց խումբ, ովքեր կհամաձայնեն զորքերը դուրս բերել հայկական հողերից:

Հետևաբար փոփոխությունը պետք է տեղի ունենա Երևանում, քանի որ այստեղի իշխանությունն է գտնում, որ պետք  է տարածք հանձնել: Մենք հիշում ենք 1998 թիվը, երբ ինչ-որ չափով այս մոտիվը կար: Նրանք գալիս էին որպես չզիջողներ, բայց բոլորս էլ ականատես եղանք, որ մոտիվները փոխվեցին և ներկա ղեկավարները նախկինից ավելի զիջող դուրս եկան:

- Մի առիթով ՀԱԲ-ի (Հայ Ազգային Բանակ) անդամներն ասացին, որ եթե լինեին զիջումներ, ապա կիրականացվեին նախորդ տարիների ընթացքում, դրանք ընդամենը խոսակցություններ են և ինչպես անհատը չի կարող հրաժարվել մարմնի մի մասից, այնպես էլ հնարավոր չէ հրաժարվել հայրենիքից: Դուք որքանո՞վ եք կիսում նրանց այն տեսակետը, որ զիջում ասվածը ընդամենը դիտորդների աչքերը փակելու միջոց է:

- 2001 թ-ին, Քի-վեստյան հանդիպման նախօրեին, մենք նախաձեռնել ենք «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը:

Նախաձեռնության շարժառիթը Քոչարյանի միտումի բացահայտումն էր: Նա հրավիրել էր մի խումբ մտավորականների և ասել, որ մենք պիտի համաձայնենք տարածքերի հանձնման տարբերակի հետ, և Լաչինով միջանցք ենք ունենալու ԼՂՀ-ի հետ: Ապա ավելացրել է, թե 1988-ին մեր նպատակը ԼՂԻՄ-ը  ՀՀ-ին միացնելն էր միայն, ինչին մտավորականներն ընդդիմացել էին: Եթե Քոչարյանի և իր հաջորդի կողմից դա խաղ լիներ, մենք չէինք մտնի այդ խաղի մեջ: Բայց քանի որ այդ միտումը միշտ եղել է, իրազեկել ենք մեր ժողովրդին, թե ինչ է տեղի ունենում:

 Քոչարյանն ու Սարգսյանը մինչ օրս նույն խնդիրներն են դնում, միայն անուններն են փոխում' Քի-վեստյան, Փարիզյան, Մադրիդյան սկզբունքներ: Հայկական կողմը համաձայնել է տարածքների հանձնման հետ' պահելով միայն միջանցքի վերահսկողությունը:  Ալիևները միշտ ընդդիմացել են միջանցքի  գոյության հետ, իսկ Արցախը չեն տարանջատել Ադրբեջանից, սակայն այժմ արդեն Ալիևը դրական է խոսում միջանցքի մասին: Գուցե դա է պատճառը, որ համանախագահները դարձել են շատ ավելի լավատես:

 Քոչարյանի և Սարգսյանի հայկական հողեր հանձնելու միտումները միշտ են եղել և առկա են նաև այսօր: Այդ վտանգը կարող ենք կանխել համապատասխան քարոզչությամբ:

Վերջերս ականատես եղանք Ստեփանակերտի ընդդիմացմանը: Թեև խոսակցությունը մտերմիկ բնույթ է կրել, բայց բարեբախտաբար Բակո Սահակյանն ունեցել է համարձակություն և ասել, որ տարածքների հանձնում չի լինի: Չնայած լավ կլիներ, որ Բակո Սահակյանն իրերը կոչեր իրենց անուններով և Սերժին ասեր, որ նա դավաճանական ընթացքի մեջ է:

 Մենք գիտենք, որ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը գնացել էր Ստեփանակերտ և պարտադրել հողերը հանձնել, սակայն այնտեղ ընդդիմացել էին: Սերժի հաշվարկները սխալ դուրս եկան, նա հույս ուներ, որ գեներալները նյութապաշտության զոհ կդառնան, բայց այդպես չեղավ և չիրականացավ նրա սպասումը: Գեներալների որոշ մասը հղփացած և նյութապաշտ է, սակայն նրանք էլ են գիտակցում, որ չի կարելի թեկուզ մի թիզ հող հանձնել:

- Այսօր ՀԱԿ-ը նույն քաղաքականությունն է որդեգրում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցում, ինչպիսին ներկա իշխանությունը, իսկ Թուրքիայի նախապայմանի համաձայն, եթե հողերը չտրվեն, սահմանը չի բացվի:

- ՀԱԿ-ը այս հարցում և մյուս հարցերում միաձույլ մարմին չէ: Այսինքն ՀԱԿ-ի մասին ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ Տեր-Պետրոսյանի բոլոր հայացքները կիսում են մյուս ուժերը, այդպես չէ: Սահմանի բացման հետ կապված բազմաթիվ կազմակերպություններ չեն կիսում Տեր-Պետրոսյանի տեսակետը: Իսկ ինչ վերաբերում է  այն հաստատումին, թե Սերժ Սարգսյանը և Տեր-Պետրոսյանը նույն տեսակետին են, ապա դա սխալ է, որովհետև նրանց տեսակետերը տարբեր են:

Դրանք են. ի տարբերություն Սարգսյանի, Տեր-Պետրոսյանը ընդգծված պետական մտածողություն ունցող գործիչ է, ի տարբերություն Սերժի' Տեր-Պետրոսյանը երբեք կասկածի տակ չի առել Հայոց ցեղասպանությունը, Տեր-Պետրոսյանի օրոք բանակցությունները գաղտնի չէին ընթանում, ինչպիսին այսօր է, և նա չի ընդունել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Իսկ Սերժ Սարգսյանը, կարծում եմ, իր համաձայնությունը տվել է:

Երբ հայտնի դառնա, որ Սարգսյանը համաձայնվել է վերոնշյալ հարցերում, համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանն էլ կհայտնի իր տեսակետը:

Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի տարբերությունը նաև նրանում է, որ Սարգսյանը ոչ մի բանի "Չէ" չի ասում: Բացի այդ, Թուրքիային միջնորդ է բերել, որպեսզի Արցախի հարցը կարգավորի:

Այս հարցերի վերաբերյալ բացի Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի տեսակետներից, առկա է նաև երրորդ' ազգային տարբերակը, որը հետևյալն է. "Քանի դեռ մենք չենք ձևավորել ազգային պետություն, հայ-թուրքական հարբերությունների մասին խոսելն անհեթեթություն է": Այսօր ոչ միայն ազգային պետություն չունենք, այլ ընդհանրապես պետություն չունենք:

Եթե պետությունը հստակ նշի ազգի շահերը, մշակի համապատասխան ստրատեգիա, և ունենա համապատասխան հաստատություններ դրանք իրականացնելու, ապա գուցե նաև համաձայնենք տրանզիտ ճանապարհ տալ Թուրքիային մեր տարածքով անցնելու համար: Այսօր հայ-թուրքական հարաբերություններից խոսելն անիմաստ է: Քանի որ Թուրքիան պարզապես հարևան չէ, այլ թշնամի հարևան է և Հայաստանը վերացնելու հստակ ծրագիր ունի, որից չի հրաժարվել:

  -   Քանի որ խոսեցիք ազգային պետությունից' մեջբերեմ Ձեր հարցազրույցներից մեկը, երբ ասել եք, որ ազգային պետություն ունենալու համար հարկ է Հայաստանի Հանրապետություն տերմինը փոխել Արևելյան Հայաստանի հայկական պետության, որի մեջ կտեղավորվի նաև Արցախի, Նախիջևանի, Գարդմվանքի, Ջավախքի հիմնախնդիրները: 

Հաշվի առնելով Ձեր հայտարարությունը և այն հանգամանքը, որ Վրաստանում այսօր իշխանության են փորձում գալ նախկին իշխանության ներկայացուցիչները, ովքեր կրկին հակահայ քաղաքականություն էին վարում' հետևաբար անգամ իշխանափոխությունը Ջավախքի վիճակը չի բարելավի: Եթե ջավախքցիները ստեղծված իրավիճակից ելք չհամարեն արտագաղթը և որոշեն համախմբվելած ամեն գնով պայքարել Վրաստանի հակահայ քաղաքականության դեմ, որը կլինի ձեր քայլը' որպես Արցախյան ազատամարտի մասնակից:

 - Նախ և առաջ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է տեր կանգնել հայերին և նրանց ֆիզիկական, հոգևոր ու մշակութային գոյությունն ապահովել: Երևանի իշխանությունը միշտ է  դրանում թերացել: Տեր-Պետրոսյանի  ժամանակ, եթե քաղաքականություն չի վարվել Ջավախքի ինքնության համար, ապա այն ժամանակ Երևանը չի համագործակցել Թիֆլիսի հետ' ջավախքցի ազգային գործիչներին ձերբակալելու համար:

 Թիֆլիսը երբեք չի համարձակվել մտնի Ախլքալաք' ազգային գործիչի ձերբակալելու համար: Սա նոր երևույթ է, որը վերջին տարիներին է ի հայտ եկել: Խնդիրը ոչ թե Թիֆլիսի, այլ Երևանի մեջ է: Վրաստանը միշտ էլ փորձելու է հայաթափել Ջավախքը: Մենք պետք  է համախմբվենք և դրա արդյունքում Վրաստանն ուզի չուզի հաշվի պետք է նստի մեզ հետ: Այսօր այնտեղ մերոնք շատ են տրոհվել, իսկ Երևանը դա անգամ խրախուսում է, որի արդյունքում էլ իրականանում է Վ.Չախալյանի ձերբակալությանը:

Կուզեի զուգահեռներ անցկացնել Հայաստանի նախորդ և այս իշխանությունների միջև: Բերեմ մի քանի օրինակ:

Այն օրերին Ջավախքում, կոնկրետ Ախալքալաքում, որևէ մեկ հանցագործի, եթե Թիֆլիսը ուզենար ձերբակալեր, անպայման Երևանի թույլտվությունն էր հարցնելու, որովհետև Ախալքալաքը եղել է փաստացի Հայաստան: Այսօր ոչ թե մի հանցագործ են ձերբակալում առանց Երևանի թույլտվության, հավանության, այլ ազգայինի գործիչների են ձերբակալում համատարած, և Երևանից ոչ մի արձագանք:

Եթե նախորդ իշխանությունների օրոք, Ախալքալաքում Թիֆլիսը պիտի նշանակեր ոստիկանապետ, դա կատարվում էր Երևանի համապատասխան մարմինների հավանությամբ: Ես կասեի, որ ավելի շատ այստեղից էին թեկնածուն որոշում, քան Թիֆլիսից:

Բավրայի անցակետը այդ օրերին ձևական բնութ էր կրում, իսկ վերջին 10 տարիներին մաքսակետը դարձել է գործիք, որի օգնությամբ մաքսավորները ամենաանբարո վերաբերմունքն են ցուցաբերում սահմանը հատող քաղաքացիների, այսինքն Ջավախքի ժողովրդի նկատմամբ: Գյուղատնտեսական ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսավորները համապատասխան կաշառք են ուզում, եթե ոչ, ապրանքը թափում են մեքենայից, որի արդյունքում երկար տարիներ, միգուցե, Ջավախքի ժողովուրդը անգամ Հայաստանից արտահանվող ծիրանի համը չի տեսել: Այս առումով վրացական մաքսակետը շատ ավելի պարկեշտ է պահում իրեն, այդքան չի մանրանում: Իսկ հայկական մաքսակետի նման պահվածքը Հայաստանի հակահայ ռեժիմի քաղաքականության շնորհիվ է:

 Հենց Երևանում ունենանք ազգային պետություն' շատ հարցեր կլուծվեն: Մենք այսօր այդ ընթացքի մեջ ենք և կերտելու ենք այդ պետությունը'համախմբելով  ազգային գաղափարներ կրողներին: Ջավախքը ճակատ է, ինչպիսին 1988-ին Արցախն էր:

Այսօր ՀՀ-ն ջավախքցու թիկունքին կանգնած չէ, այնտեղի հայ քաղաքացին չի կարող պատսպարվել Հայաստանում: Այս ձևով Ջավախք չենք պահի, միայն այս ռեժիմի հեռացմամբ հնարավոր կլինի պահել Ջավախքը, որն օր օրի թուլանում է: Երևանը պարզապես պետք է  մեղսակից չլինի Թիֆլիսի դավերին:

Երևանում իշխանափոխության դեպքում միայն Ջավախքում բնակվող հայերի ինքնակազմակերպման և ՀՀ -ում բնակվող Ջավախքի ճակատագրով մտահոգ հայ մարդկանց ջանքերով հնարավոր կլինի ամուր պահել Ջավախքը ու վրացիների հախից գալ:

հարցազրույցը վարեց Արմենուհի Կարեյանը

«Միտք» վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը