Հարցազրույց

07.05.2012 12:57


Արմեն Բադալյան

Արմեն Բադալյան

Հարցազրույց քաղաքական տեխնոլոգիաների PR մասնագետ Արմեն Բադալյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում մայիսի 6–ին տեղի ունեցած 5–րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների ընթացքը։

–Սա ընտրություն չէր, սա միջոցառում էր։ Ընտրությունն ուրիշ բան է, միջոցառումն ուրիշ բան է։ Սա քվեարկելու միջոցառում էր, որն ընտրության հետ ոչ մի կապ չունի։

–Նկատի ունեք՝ կեղծիքներ են տեղ գտել, դրա համա՞ր էր միջոցառում, այլ ոչ ընտրություն։

–Այո՛։ Ընտրությունները նրա համար են, որ փորձում ես պարզել հասարակության տրամադրությունները։ Օրինակ Ֆրանսիայում ընտրություններ էին՝ հասարակությունը չընտրեց Սարկոզիին, ընտրեց Օլանդին։ Նույնը տեղի ունեցավ մի շարք այլ երկրներում։ Երբ երկրում իրավիճակը լավ չէ, բնականաբար հասարակությունը հեռացնում է առաջնորդին, իսկ եթե հասարակությունն իրավիճակից դժգոհ է, բայց «քվեարկում» է ոչ իր օգտին, դա արդեն ընտրություններ չեն, դա արդեն միջոցառում է, որն էլ և իրականացվեց։ Իսկ թե ո՞ր տեխնոլոգիաներով, արդեն էական չէ՝ և՛ գումարի բաժանում, և՛ շուտ օքսիդացող թանաքներ, և՛ հարևան երկրներից բերված քվեարկողներ և այլն, և այլն։

–Այն տոկոսներով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է ներկայացնում, իշխանությունն ի՞նչ է ուզում ասել։ Արդյոք սա բացահայտ պատերա՞զմ չէ՝ նետված սեփական ժողովրդին։

–Ես մի բան կարող եմ ասել՝ եթե իշխանություններն իրական ընտրություններ անցկացնեին, ապա կլիներ ուրիշ ելք։ Բայց քանի որ ընտրություններ չեղան, եղավ սովորական միջոցառում, դա ուներ մեկ գաղափարախոսություն՝ մեր դեմ խաղ չկա։

–Հետագա զարգացումներն ինչպե՞ս եք տեսնում։ Հասարակությունը կհամակրեպվի՞ իրեն հրամցված այդ թվերի հետ։

–Հետագա զարգացումները մի քիչ ավելի բարդ են։ Իմ կարծիքով՝ ինչքան էլ բողոքեն, չեմ կարծում՝ որևէ բան փոխվի, որովհետև ինչ անում են, անում են մինչև քվեարկությունն ու քվերակության օրը։ Իսկ հետագա միջոցառումների համար անհրաժեշտ է ոչ միայն հասարակության դժգոհությունը, այլ նաև դրսի աջակցությունը։ Առանց դրսի աջակցության որևիցե բան չի փոխվելու։ Ինչ վերաբերում է այս միջոցառմանը, սրա  միակ ինտրիգը հետևյալն էր՝ Հանրապետականը մեծամասնություն կունենա՞, թե ոչ։ Ներկայացված տվյալներով նա մեծամասնություն կազմում է (օրինական ճանապարհով, թե ոչ, դա այլ բան է)։ Եվ երկրորդ՝ քաղաքական դաշտից պայքարն արդեն տեղափոխվեց ՀՀԿ–ի ներսը։ Այսինքն՝ հիմա ոչ թե ուժերն են միմյանց հետ պայքարելու, այլ, ինչպես մամուլն է ներկայացնում, ՀՀԿ–ում առկա երեք թեևրը՝ քրեաօլիգարխիկ, բարեփոխիչներ և երիտթև։ Հիմա նրանց մեջ է պայքարն ընթանալու՝ թե ո՞վ կիշխի ՀՀԿ–ում, իսկ այդ պայքարը երկրարատև է լինելու։ Ես գլխի եմ ընկնում, որ կհաղթի երիտթևը։

–Ի՞նչ եք կարծում՝ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը որևէ քայլ չի՞ ձեռնարկի ընդդեմ այս իրավիճակի։

–Չեմ կարող ասել, որովհետև դա կախված է նրանից, թե Հայաստանում տեղի ունեցած միջոցառմանը ինչպես կարձագանքեն միջազգային ուժային կենտրոնները։ Դեռևս միայն ԱՊՀ դիտորդներն են ասել, որ նորմալ ընտրություններ են անցել։ Եթե մնացածն էլ հավանություն տան, դա էապես կթուլացնի Հայաստանում հետընտրական ինչ–ինչ գործընթացներ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը