Լրահոս

05.05.2012 12:17


Հրապարակում բռնկված փուչիկները կարող էին լցված լինել ջրածնով կամ մեթանով

Հրապարակում բռնկված փուչիկները կարող էին լցված լինել ջրածնով կամ մեթանով

Երեկ Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ի կազմակերպած համերգ–հանրահավաքի ժամանակ բռնկված փուչիկները կարող էին լիցքավորված լինել ջրածնով կամ մեթանով։ Միայն այդ գազերը կարող են միաժամանակ օդ բարձրանալ և պայթելու հնարավորություն ունենալ։ Այս մասին «РИА Новости» գործակալությանն ասել է «Հելիումմաշ» ոչ կառավարական կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ֆեդոտովը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ փուչիկները լցված են եղել հելիումով։

–Ըստ ամենայնի՝ դա ջրածին էր։ Հելիումը բացարձակ իներտ գազ է և քիմիական ոչ մի ռեակցիայի մեջ չի մտնում։ Հելիումի քիմիական միացություններ կարելի է ստանալ միայն խիստ սպեցիֆիկ պայմաններում, և դրանք կայուն չեն,–ասել է նա։

Պատասխանելով հարցին՝ փուչիկները չէի՞ն կարող լցված լինել հելիումի և բնական գազի խառնուրդով՝ Ֆեդոտովը նկատել է.

–Բնական գազից հելիումը ստացվում է զտման միջոցով այնպիսի ջերմաստիճանի ներքո, որ մնացած բոլոր գազերը գտնվում են պինդ վիճակում, և միայն հելիումն է հեղուկ վիճակում։ Այդ իսկ պատճառով որևէ խառնուրդի ստացումը, ածխաջրածնի մնացորդների առկայությունը հելիումում տեխնիկական պատճառներով բացառվում է,-ասել է փորձագետը։

Նրա խոսքերով՝ քիչ հավանական է, որ փուչիկների համար հատուկ պատրաստվել է հելիումի և այլ գազերի խառնուրդ. դրա համար անհրաժեշտ է հատուկ սարքավորում, որի միջոցով էլ ստանում են այդ խառնուրդը։

–Միակ վարկածը, բացի ջրածնից, ենթադրաբար մեթանն է, չնայած օդ բարձրացնելու նրա ուժը փոքր է։ Կենցաղային պրոպանը՝ գազի սալօջախների համար նախատեսված բութանը, օդից ծանր է. հակառակը՝ այն ներքև է ծորում։ Իսկ CH4 մեթանն օդից թեթև է։ Տեսականորեն փուչիկները լցվել են մեթանով։ Ուրիշ այլ գազ, որը կարող է օդ բարձրացնել, գոյություն չունի,–ասել է Ֆեդոտովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը