Լրահոս

05.05.2012 00:03


«Սարդարապատ» շարժում. «Պահանջում ենք առանց հապաղելու արձագանքել ոստիկանության ապօրինի գործողություններին »

«Սարդարապատ» շարժում. «Պահանջում ենք առանց հապաղելու արձագանքել ոստիկանության ապօրինի գործողություններին »

 Ս. թ. մայիսի 3-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց հացադուլ-նստացույց հայտարարած ՀՀ քաղաքացի Արտավազդ Վարդանյանը նույն օրը դիմել էր ՀՀ ոստիկանություն` իր առողջության պահպանման և սահմանադրական անկապտելի իրավունքների ու ազատությունների ապահովման նպատակով հացադուլ-նստացույցի վայրում վրան և հովանոց տեղադրելու հարցով: Այսօր` մայիսի 4-ին, հետևելով ՀՀ ոստիկանության այն պատասխանին, որ դա Երևանի քաղաքապետարանի իրավասության շրջանակներում է, Արտավազդ Վարդանյանը նույն հարցով դիմել է Երևանի քաղաքապետին, ինչպես նաև` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Արտավազդ Վարդանյանն իր դիմումում նշել է, որ թեև դիտարկվող հարցը Սահմանադրությամբ կամ օրենքներով ենթակա չէ Երևանի քաղաքապետարանի լիազորություններին, սակայն ինքը դիմում է` հաշվի առնելով ՀՀ ոստիկանության կողմից նման դեպքերում բազմիցս դրսևորած արատավոր և ապօրինի գործողությունները բացառելու նպատակով: Ի պատասխան այս դիմումի, ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով մարդու կյանքը, առողջությունն ու իրավունքները ոտնահարելու մարտիմեկյան ձեռագրին, արձագանքել է հերթական հակաօրինական գործողությամբ` անձրևային եղանակի պայմաններում հացադուլավորին բռնությամբ զրկելով արդեն տեղադրված հովանոցից և արգելելով վրանի տեղադրումը:

Ներկա պահին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը ուշանում է, մինչդեռ հացադուլավորը անձրևային եղանակին գտնվում է բաց երկնքի տակ, ինչը ռեալ վտանգ է սպառնում նրա առողջությանը և խոչընդոտում է նրա իրավունքների իրականացմանը:

ՀՀ Քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելուն կոչված ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ դադարեցնել իր անմարդկային ու ապօրինի գործողությունները և չխոչընդոտել հացադուլ-նստացույցի վայրում վրանի ու հովանոցի տեղադրմանը, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում ենք առանց հապաղելու արձագանքել ոստիկանության ապօրինի գործողություններին և համապատասխան քայլեր ձեռնարկել հացադուլավորի առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու և նրա իրավունքների իրացման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:

«Սարդարապատ» շարժման իրավաբանական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը