Լրահոս

04.05.2012 19:04


Շտապ. ահազանգ բոլորին

Շտապ. ահազանգ բոլորին

Ստացվող լուրերի և մամուլի հրապարակումների համաձայն, Ջավախքից ավտոբուսներով մեծ թվով մարդիկ են բերվում Հայաստան: Ընդ որում, նրանք թեև Վրաստանի քաղաքացի են, բայց ունեն հայկական անձնագիր և ներառված են ընտրացուցակներում: Ընդ որում, վրացական օրենքներով արգելվում է երկքաղաքացիությունը: Այնպես որ, գործ ունենք ջավախահայերին տրամադրված անօրինական հայկական անձնագրի մասին, ինչը Հայաստանում քվեարկության իրավունք է տալիս: Շաբաթներ առաջ ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանն իր հարցազրույցներից մեկում չէր հերքել փաստը, որ Հայաստանում նման նախադեպեր կան:

Ջավախահայերի զանգվածային տեղափոխությունը, ըստ շրջանառվող լուրերի, իրականացնում է «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը, որը սատարում է ՀՀԿ-ին:

Ի դեպ, Ջավախքից դեպի Երևան շարժվող ավտոբուսների վրա ռուսերեն գրված է. «Ջավախքն ի պաշտպանություն Հանրապետական Կուսակցության»: Մեզ ահազանգած ջավախքցիները հայտնել են, որ շարասյունն ուղեկցել է Ախալքալակի ոստիկանապետի որդին` ոմն Գևորիկը:

Ավելորդ չէ նշել, որ օրենքով արգելվում է օտարերկրյա քաղաքացիներին մասնակցել քարոզարշավին, երկրորդ`կրկին արդիական է դառնում շաբաթներ առաջ բարձրացված հարցը` ինչու են ջավախահայերին տալիս ՀՀ անձնագիր, ընդ որում` հաշվառումով:

Եթե շրջանառվող լուրերը համապաստասխանում են իրականությանը, ապա մենք գործ ունենք լրջագույն պետական հանցագործության հետ:

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից, ԱԱԾ-ից հրապարակել մայիս 3-4-5 Վրաստանից ՀՀ պետական սահմանը հատած քաղաքացիների թիվը և անձնագրային տվյալները: Ակնկալում ենք արագ արձագանք ընտրացուցակներում նրանց տվյալների առկայությունը ճշտելու համար: Հայաստանում Վրաստանի դեսպանությունից ևս ակնկալում ենք համապատասխան պարզաբանում:  

Միաժամանակ ահազանգեր են ստացվում, որ ընտրակեղծարարները պատրաստվում են օգտագործել ևս 27 հազար անօրինական անձնագիր: Այսպես, միայն վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական երկրներից արտաքսվել է 30 հազար ՀՀ քաղաքացի, որոնք Հայաստան վերադառնալուց հետո անօրինական գործարքների արդյունքում ստացել են նոր անձնագրեր, որտեղ իրենց անուն ազգանունն աննշան փոփոխության է ենթարկվել: Օրինակ, Արամը դարձել է Արամիկ, Օֆելյան Օֆել, Սվետլանան Սվետա եւ այսպես շարունակ: Նման անձնագրեր ստացել է Հայաստան արտաքսվածներից 27 հազարը, իսկ նրանց արդեն հին անձնագրերը հիմա, ըստ հավաստի տեղեկությունների, հայտնվել է ընտրակեղծարարների ձեռքին, որոնք դրանք պատրաստվում են օգտագործել ընտրության օրը:    

«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում բոլոր միջազգային և տեղական դիտորդներին, կուսակցությունների նախընտրական շտաբներին, Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբին, համապատասխան պետական մարմիններին, ԿԸՀ-ին  հետամուտ լինել այս խնդրների պարզաբանմանը:

«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը