Լրահոս

04.05.2012 17:35


Միասնական շտաբը կարո՞ղ է կոալիցիա դառնալ

Միասնական շտաբը կարո՞ղ է կոալիցիա դառնալ

Հանրային վերահսկողության միասնական նախընտրական շտաբի նիստին ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ միասնական շտաբի անդամ կուսակցությունների հետ համագործակցությունը կարող է շարունակվել նաև ապագա խորհրդարանում։ Այս կապակցությամբ լրագրողները հարց են ուղղել Արմեն Ռուստամյանին և նիստին ներկա ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանին՝ հնարավո՞ր է, որ միասնական շտաբի անդամ կուսակցությունները կոալիցիա ստեղծեն ապագա խորհրդարանում։

–Նախ՝ ես ի նկատի ունեի համատեղ աշխատանքը, որ մենք անում ենք ընտրական գործընթացների շրջանակներում։ Դրանից են ծագել ինչ–որ հարցեր, որ կարելի է հետագայում էլ աշխատել համատեղ. մասնավորապես մեծամասնական ընտրակարգի մասին խոսեցի։ Որոշ խնդիրներ կան, որոնք այսօր արդեն ուշ է անել՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված։ Մյուս հարցերից ես դա ավելի շատ ի նկատի ունեի,–պատասխանել է Արմեն Ռուստամյանը։

Շարունակելով իր խոսքը՝ ՀՅԴ ներկայացուցիչն ասել է, որ Ազգային ժողովում ապագա համագործակցությունը ցույց կտան ընտրությունների արդյունքները. կոալիցիա կարող է ձևավորվել, եթե որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չունենա խորհրդարանում.

–Եթե բնական կոալիցիա է, այսինքն՝ կա անհրաժեշտություն՝ ձևավորելու մեծամասնություն, և որևէ մեկը չունի այդ մեծամասնությունը, երկու–երեքի միացումն է, որ պետք է մեծամասնության հանգեցնի։ Նման կոալիցիաները ձևավորվում են նաև՝ համաձայնեցնելով իրենց պլատֆորմներից բխած նպատակները, ծրագրերը և անելիքները։ Եթե այդ համատեղությունը գտնվում է, կոալիցիան ձևավորվում է։

Այն հարցին էլ, թե հնարավո՞ր է՝ Դաշնակցությունը կոալիցիա կազմի ՀՀԿ–ի հետ, Արմեն Ռուստամյանը պատասխանել է.

–Մենք նշել ենք երեք հիմնական ուղղություն՝ ազգային, ժողովրդավարական, սոցիալական, և այդ ուղղություններով մենք չենք տեսնում, որ Հանրապետականը նույն բանն է ասում։ Եթե այդտեղ համընկնում չկա, համագործակցությունը հանուն համագործակցության անիմաստ է։ Ես չլսեցի Հանրապետականից, որ մեր մոտեցումները կիսում են։ Հակառակը՝ լսում եմ տեսակետներ, որոնք մեզ համար բոլորովին անընդունելի են, և մենք ամենևին այլ ձևով ենք պատկերացնում երկրի զարգացումը։

Կոալիցիա ստեղծելու հնարավորության մասին հարցին պատասխանելով՝ ԲՀԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է, որ կոալիցիան չպետք է լուծի կայունության կամ օրինականության խնդիր.

Կոալիցիայի նպատակը դա չէ։ Առ այսօր Հայաստանում կոալիցիայի պատճառը եղել է կայունությունը և օրինականությունը։ Այդ հարցերը նորմալ ընտրությունների արդյունքում նույնիսկ չպետք է ծագեն. հաղթող կուսակցությունը ո՛չ կայունության խնդիր պետք է  ունենա, ո՛չ օրինականության, եթե ժողովրդի կողմից արդար ընտրվել է։ Այնպես որ, եկեք կոալիցիան ճիշտ հասկանանք. կոալիցիան հակակշիռ է, այն քաղաքական խնդիրներ պետք է լուծի։ Որևէ քաղաքական ուժ երբ մեծամասնություն չունի, արդեն բանակցությունների մեջ է մտնում այլ քաղաքական ուժերի հետ, որոնց հետ ինքը գաղափարական ընդհանրություններ ունի, և միասնաբար ուզում է ինչ–որ խնդիրներ կարգավորել։

Շարունակելով իր խոսքը՝ Վարդան Օսկանյանն ասել է.

Մենք պետք է հրաժարվենք մեր կյանքի բոլոր ոլորտներում իմիտացիաներից։ Ես չեմ զլանալու ասել՝ հինգ տարի մենք ապրել ենք իմիտացիոն երկրում։ Այս ընտրություններով մենք պետք է այդ ամենին վերջ դնենք և գնանք արդեն և՛ժողովրդավարության առումով, և՛ ազատ տնտեսական հարաբերությունների առումով իսկական սկզբունքների հարգմանը, դրանց անվերապահ իրականացմանը, ժողովրդի, յուրաքանչյուր անհատի նկատմամբ ՀՀ օրենքների և Սահմանադրության կիրառմանը։ Մենք դրան ենք ձգտում, և այս ուղղությամբ ցանկացած քաղաքական ուժի հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է աշխատելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը