Տնտեսական

22.05.2009 18:25


Սամվել Բալասանյան. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ու՛մ են կպնում»

Սամվել Բալասանյան. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ու՛մ են կպնում»

ՀՀ կառավարության հարկային օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունները Գյումրիում մեծ արձագանք չեն ստացել: Թերևս պատճառն այն է, որ հանրապետության երկրորդ քաղաքում առնվազն 500 աշխատատեղ ունեցող խոշոր բիզնես գրեթե չկա:

Միակը «Գյումրի գարեջուր» ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանն է: Պատգամավորը, ով երեկ, ըստ էության, խուսափում էր հստակ դիրքորոշում հայտնելուց, այսօր, սակայն, բավական կոշտ և քննադատաբար արտահայտվեց կառավարության նախաձեռնության վերաբերյալ. «Հարցը կիսատ է մնացել, հաջորդ քառօրյայում բազմաթիվ խնդիրներ կան քննարկելու: Էնպիսի մի նախաձեռնություն են ցուցաբերել, որ որևէ մեկը չի ցանկանա խոշոր բիզնես ունենալ: Նա կսկսի իր բիզնեսը տրոհել մի քանի մասերի, որպեսզի աշխատողների քանակը 500-ից հանկարծ չանցնի։ Եվ էստեղ հիմնականը հարկային ներկայացուցչի խնդիրն է: Ի՞նչ է նշնակում՝ մարդ նշանակել, որ 24 ժամ հսկի: Նախ, հստակեցված չէ, թե  էդ ներկայացուցիչը ինչ է անելու. տեխնոլոգիայի մե՞ջ է մասնակցելու, իջնելո՞ւ է «պադվալ», հսկելո՞ւ է հոսքագիծը, մտնելո՞ւ է «կամպյուտրի» մեջ: Եթե էդպես է, բա մենք ի՞նչ անենք։ Հելնենք գնանք տուն»:

Հարցին, թե կառավարությունն ինչու՞ է նման փոփոխություներ առաջարկում, միգուցե՝ խոշոր գործարարները խուսափում են հարկեր մուծելուց, և հենց դա է պատճառը, Սամվել Բալասանյանն արձագանքել է. «Գիտե՞ք, մեր տնտեսության մեջ խոշոր բիզնեսը կազմում է 0,5 տոկոսը, իսկ բյուջեի մուտքերի առումով ապահովում է 70 տոկոսը: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ու՛մ են կպնում։ Թող ուրիշ մեթոդներ մտածեն:

Սկզբից մանր ու միջին բիզնեսին բերեցին հարկային դաշտ՝ ՀԴՄ-ներով, որպեսզի վերահսկեն խոշոր բիզնեսի շրջանառությունը, հիմա էլ հակառակն են անում, որպեսզի վերահսկեն մանր ու միջին բիզնեսի շրջանառությունը»:

Նման օրենք ընդունելու դեպքում Սամվել Բալասանյանը պատրաստվում է առանձին-առանձին գրանցել իր երկու մասնաճյուղերը, որպեսզի խուսափի հարկային ներկայացուցիչների այցելություններից:

Գրեթե նույն կարծիքին էր նաև ԲՀԿ խմբակցության անդամ Ռոբերտ Զաքարյանը։ Թեև նա խոշոր բիզնես չունի, սահմանափակվում է միջինով, սակայն մտավախություն ունի, որ եթե նման օրենք ընդունվի, ապա հաջորդը միջին բիզնեսն է լինելու:

«Նախագիծը խոշոր բիզնեսի համար շատ ծանր է։ Եթե հարվածում ես խոշոր բիզնեսին, հարվածում ես նաև միջինին: Ամեն մի դռան մոտ մեկ պահակ նշանակելով՝ ուզում են հարկեր հավաքել: Եթե օրենք ընդունվի, խոշոր բիզնես չի մնալու։ Բոլորը կդառնան միջին: Ես կարծում եմ, որ բոլոր 131 պատգամավորն էլ դեմ են քվեարկելու»,- նշել է Ռոբերտ Զաքարյանը:

Գյումրիում միջին բիզնեսի շատ ներկայացուցիչներ նույնպես մտավախություններ ունեին, որ հաջորդն իրենք են։ Սակայն զգուշանում էին կարծիք հայտնելուց՝ վախենալով հարկային ներկայացուցիչների այցելություններից:

«Հարկայինից նոր ենք պրծել, հիմա մի բան ասեմ, էլի կհայտնվեն»,- նշել է տեքստիլ արդյունաբերությաբ զբաղվող գործարարներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը