Լրահոս

22.05.2009 18:20


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունգարիայի Աժ Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշին

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունգարիայի Աժ Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշին

             Մայիսի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Հունգարիայի Ազգային  ժողովի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը  նշել է, որ Հայաստանի և Հունգարիայի  միջև արդյունավետորեն զարգանում է փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ընդլայնվում են գործարար և մշակութային կապերը:

Զրուցակիցները հանգամանալից զրույց են ծավալել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ, քննարկել են ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրին առնչվող հարցեր: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Եվրոպական միության հետ համագործակցության այս նոր ձևաչափը զգալի ներուժ է պարունակում, և Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել ծրագրին:  

Կարևորելով երկու երկրների բազմաբովանդակ համագործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը Մաթիաս Յորշն ընդգծել է, որ այցի նպատակներից է Հայաստանի իշխանությունների հետ քննարկել ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագիրը, նշել է նաև, որ երկկողմ հարաբերությունների և ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման ենթատեքստում կարևոր նշանակություն ունի մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի դյուրացումը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, մտքեր են փոխանակվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը