Լրահոս

22.05.2009 18:05


Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Էրդողանի կոշտ հայտարարությունները թուրք գեներալների նախաձեռնությունն են

«Թուրքիայի և Հայաստանի սահմանը չի բացվի, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Ադրբեջանին ուղղված վստահության այս ազդանշանը Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նախաձեռնությունն էր»,- այսպիսի տեղեկություն է տարածել թուրքական «Սաբահ» պարբերականը։

Պարբերականը նշում է, որ մայիսի 13-ին Ադրբեջան կատարած այցի ընթացքում հնչած Էրդողանի հայտարարությունը և ադրբեջանական իշխանություններին վստահություն ներշնչելու նրա քայլը ձախողեցին սահմաններն առանց նախապայմանների բացելուն ուղվված՝ վերջին շրջանում Հայաստանի և Թուրքիայի կատարած բոլոր քայլերը։

Այդուհանդերձ, ինչպես գրված է հոդվածում, Ադրբեջանին ուղվված Էրդողանի ուղերձը Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի այն դիրքորոշման կրկնությունն էր, որը վարչապետի ներկայությամբ հնչել է ապրիլի 28-ի նիստի ժամանակ։

Անվտանգության խորհրդի անդամները հայտարարել են, որ ցանկանում են «խորացնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գործընթացը», սակայն հավելել են. «Այնուամենայնիվ, մենք չենք կարող կորցնել Ադրբեջանը։ Մեր միջև կարող են տարաձայնություններ լինել, բայց Ադրբեջանին կորցնելը Թուրքիայի համար չի կարող քննարկման առարկա դառնալ»։

Այսպիսով. «Մայիսի 13-ին Ադրբեջան կատարած այցի ժամանակ Էրդողանը չի դրժել իր խոստումը։ Էրդողանի՝ ադրբեջանական խորհրդարանին հասցեագրված ելույթի ժամանակ Թուրքիայի անվտանգության խորհրդի որոշումը հստակ արտահայտվել է»։

Ըստ «Ռեգնումի»

 

Այս խորագրի վերջին նյութերը