Հարցազրույց

02.05.2012 12:17


Արմենակ Դովլաթյան

Արմենակ Դովլաթյան

Հարցազրույց Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի հետ

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երեկ անակնկալ կերպով Մաշտոցի այգի գնալը և քաղաքապետին կրպակներն ապամոնտաժելու հանձնարարական տալը։

–Ինձ համար անակնկալ չէր, ես դա սպասում էի. ընտրական շրջան է, առավել ևս, որ նման խոսակցություններ կային որոշ աղբյուրներից։ Նման լուրեր պտտվում էին, բայց ոչ երիտասարդների շրջանում: Սակայն ես դրան սպասում էի մայիսի 6-ից հետո։ Այս հանձնարարականն էլ կրկին մեկ մարդու ցանկություն է՝ առանց օրենքը հաշվի առնելու։ Իբրև նախընտրական գովազդ՝ կատարվեց մի քանի գովազդային դրվագ մի քանի րոպեում։

Այսինքն` Սերժ Սարգսյանի քայլը ընտրություններին միտված սովորական PR ե՞ք համարում։

Այո։ Գեղեցիկը սիրող նախագահ, լսող քաղաքապետ, բարի, ժպտացող ոստիկաններ, որոնք գործել են օրենքի շրջանակներում... բայց այս ամենը` առանց հաշվի առնելու օրենքը: Բազմաթիվ անգամներ բնապահպանները նշել են այն բոլոր խախտումները, որոնք արել էր քաղաքապետը՝ տալով նման թույտվություն։ Իսկ քաղաքապետարանի կողմից միայն եղել է պատասխան, որ կա քաղաքապետի որոշումը տեղադրել բուտիկները, թեկուզ ժամանակավոր՝ առանց որևէ օրինական հիմնավորման։ Սերժ Սարգսյանը հիշեց նաև սեփականատերերին։ Բայց մինչ այդ ամեն կերպ քաղաքապետարանը հայտարարում էր, որ սեփականատերեր չկան, և դրանք «Կանաչապատում» ՓԲԸ կողմից, այսինքն՝ քաղաքի բյուջեի կողմից, իրականացվող աշխատանքներ են, որից հետո նոր միայն կորոշեն, թե ում են հանձնելու վարձակալության:

–Իսկ Աբովյան փողոցում այդ կրպակներն օրինական կերպո՞վ էին տեղադրված։

–Իրոք, Սերժ Սարգսյանը մոռանում է, որ Աբովյան փողոցում օրենքի խախտումով գազոնների վրա տեղադրված բուտիկները չպիտի ունենային սեփականության իրավունք, և փոխանակ փորձի, թեկուզ իր վերահսկողության ծառայության միջոցով (չնայած դա քրեական գործ է և պիտի հանձնարարի դատախազությանը), պարզել, թե ինչպես են նրանք ձեռք բերել սեփականության իրավունք, հայտարարում է, որ քաղաքապետը գործել է ճիշտ: Կարելի է ավելի շատ փաստեր բերել, այդ թվում՝ այն բազմաթիվ բողոքները, դիմումները, ակցիաները, որոնք իրականացրել են բնապահպանները դեռ 2003 թվականից, երբ աղավաղում էին Աբովյան փողոցը։ Այդ ժամանակ և՛ մեր կուսակցությունը, և՛ բազմաթիվ ՀԿ-ներ դիմել և պահանջել են չտեղադրել այդ բուտիկները:

Կարծում եք, որ առանց Սերժ Սարգսյանի իմացության և թույլտվությա՞ն էր Տարոն Մարգարյանն այսքան օր ձեր ասած անօրինականությունը թույլ տալիս, թե՞ իրականում նախագահը շատ լավ էլ տեղյակ էր, հենց նա էլ հրահանգել էր, որ քաղաքապետն այդ քայլին գնա, որ վերջում էլ ինքը գա և վրձնի մեկ հարվածով հարցը լուծի։

–Մի՞թե կարծում եք, որ այս 85 օրերի ընթացքում Սերժ Սարգսյանը տեղյակ չէր այս պորցեսներից։ Եթե տեղյակ չէր, ապա պիտի իր շատ խորհրդականների և ծառայությունների, որոնք պարտավոր են ապահովել լրատվական դաշտը, ուղղակի անհամապատասխանության համար ազատել աշխատանքից: Բնականաբար՝ տեղյա՛կ էր։ Այսինքն՝ կա՛մ ինքն է շատ սխալ որոշումներ ընդունում, կա՛մ ունի շատ վատ PR խորհրդականներ և ուղղակի խորհրդականներ, որոնց նույնպես պիտի շտապ հեռացնի կամ ինքը պիտի շտապ հեռանա, քանի որ անգամ նման, ըստ երևույթին՝ շատ պարզ, օրինական հարցը հասկանալու և նրա լուծման համար նրանից պահանջվեց 80 և ավելի օր: Սա նաև մի այլ հարթություն է, որը ցույց է տալիս այս իշխանությունների որակական հատկությունները` ինչ–որ բուտիկների հարց քննարկում է և որոշում է ՀՀ կառավարությունը, և դրան միանում է իրեն ՀՀ նախագահ համարող անձը:

Փաստորեն, կարո՞ղ ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին «փչացնելու» միջոցով ընտրությունների նախաշեմին իր վարկանիշն է բարձրանում։

–Ես այդ կարծիքին չեմ. այս իշխանություններն իրենք իրենց վաղուց են «փչացրել», և ավելի շուտ Սերժ Սարգսյանը իրե՛ն է «փչացնում»: Իսկ եթե նա համարում է, որ ինքն այս պահին իր վարկանաշը բարձրացրեց, ապա չարաչար սխալվում է։ Ես արդեն նշեցի, որ այդ դեպքում պիտի շատ շուտ իր PR խորհրդականներին հեռացնի:

–Իրականում որքանո՞վ Սերժ Սարգսյանին կհաջողվի այս քայլով դիվիդենտներ շահել, և ինչպե՞ս սա կարող է անդրադառնալ մայիսի 6–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿի տոկոսների վրա։

–Բացասական առումով կազդի, ինչպես ազդում է իշխանությունների արած ցանկացած քայլ, հատկապես՝ վերջին ժամանակներս:

–Ըստ Ձեզ՝ ի վերջո, կապամոնտաժվե՞ն այդ կրպակները, և եթե այո, ապա մինչև ընտրություննե՞րը, թե՞ մայիսի 6–ից հետո։

–Դա հիմա արդեն տեխնիկական հարց է, թե երբ կապամոնտաժվեն։ Ուղղակի խնդիրը նա է, որ մեղավորները պատժվեն, այդ թվում՝ ոստիկանության որոշ ներկայացուցիչներ։ Եվ բացի այդ, այս անօրինականության համար պետական և քաղաքային բյուջեցից որևէ փոխհատուցում պիտի չլինի։ Հակառակը, բյուջեին վնաս հասցնողները պիտի իրենց գրպաններից վերականգնեն քաղաքին հասցված վնասը:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը