Լրահոս

26.04.2012 16:52


Գերմանիայի նախագահը հրաժարվել է այցելել Ուկրաինա Տիմոշենկոյի գործի պատճառով

Գերմանիայի նախագահը հրաժարվել է այցելել Ուկրաինա Տիմոշենկոյի գործի պատճառով

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը չեղյալ է հայտարարել իր առաջիկա այցը Ուկրաինա՝ նման կերպ իր բողոքը հայտնելով Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բանտարկության դեմ։ Համաձայնեցնելով իր որոշումը Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ Գաուկը մերժել է իր ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յանուկովիչի հրավերը՝ մասնակցելու Յալտայում կայանալիք նախագահների հանդիպմանը։

Գերմանիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը՝ հատուկ ընդգծելով, որ նախագահի բոլոր օտարերկրյա այցերը կատարվում են ԳԴՀ–ի կառավարության համաձայնությամբ։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շթեֆեն Զայբերտը հայտնել է, որ Գերմանիան դատապարտում է Տիմոշենկոյի քրեական հետապնդումը՝ այդ գործը համարելով Յանուկովիչի՝ ընդդիմության դեմ պայքարի մի մաս։ Զայբերտն ասել է, որ քրեական օրենսդրությունը չպետք է օգտագործվի ժողովրդավարության սահմանափակման և ընդդիմության վրա ճնշում գործադրելու նպատակով։

Գերմանացի քաղաքական գործիչները չեն բացառում նաև, որ կարող են հրաժարվել այցելել Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերին։ Կանցլեր Մերկելը հայտնել է, որ վերջնական որոշումը դեռ կայացված չէ։

Այս խորագրի վերջին նյութերը