Կարծիք

25.04.2012 12:05


Խղճում եմ...

Խղճում եմ...

Նախընտրական իրարանցման այս լարված օրերին մեր շատ հայրենակիցներ մարդկայնորեն խղճահարություն են առաջացնում:

Խղճում ես դժբախտ համաքաղաքացիներիդ, ովքեր հենց այս օրերին տարբեր գերատեսչություններ նամակներ են գրում իրենց դժբախտությունների ու զրկանքների մասին, խնդրում են օգնություն, գումար և կարեկցանք` միամտաբար հուսալով, թե նախընտրական շրջանում ղեկավարության մեջ հանկարծ կարթնանա բարեգթությունը կամ պատասխանատվության զգացումը:

Խղճում ես նրանց, որոնց ուսերին պետերը դրել են ձայներ հավաքելու անչափելի ծանր բեռը, ընդ որում` դրանք հավաքելը գնալով դժվար է դառնում, նույնիսկ եթե վախեցնում են ընտրազանգվածին կամ կաշառք են բաժանում: Խղճում ես նրանց, ովքեր սպասում են այդ ընտրակաշառքին` որպես օրինական եկամուտի:

Ցավակցում ես որոշ կուսակցությունների ղեկավարներին, որոնք ստիպված են հպարտ ու միայնակ իրենց ուսերին կրել նախընտրական քարոզարշավը, քանի որ այդ կուսակցությունների այլ անդամների անհարմար է հեռուստաէկրաններից ցուցադրել: 

Ցավակցում ես անգամ քրեական հեղինակություններին, որոնց ոստիկանական մեթոդներով Հայրենիք են վերադարձում ԱՊՀ բոլոր անցքերից` նրանց ուսերին էլ քարոզչական խնդիրներ բարդելով: Սրանք ավելի են արժանի խղճահարության, քանի որ ստիպված են դեմ գնալ իրենց գողական «պատկերացումներին»: Իսկ դրանք, ինչպես հասկանում եք, հիմնված են պետությունից ու վարչական ապարատից քրեական աշխարհի լիակատար ինքնավարության վրա: Սակայն ո՞ւր կփախչեն, նրանց էլ է իր ճիրաններում պահում սեփական իշխանությունը վերարտադրել փափագող բյուրոկրատիան: Ափսոս, հիմա ո՞ւմ համար են նրանք«հեղինակություններ»:

Ամենից շատ, սակայն, ցավում եմ մեր ուսուցիչների համար: Կրթական մակարդակի, հասարակության` կրթվելու ձգտման ընդհանուր անկումը, ստորացուցիչ ցածր աշխատավարձերը, չինովնիկների կադրային կամայականությունները, կարգավիճակի անորոշությունը եւ մասնագիտության ցածր վարկանիշը ուսուցչական միջավայր բերեցին շատ անարժանների: Սակայն արժանավորներին էլ հեշտ չէ: Նոր բարքերն այդ համեստ ու ազնիվ մասնագիտության տեր մարդկանց հասցրել են այն վիճակին, որ նրանցից շատերը վերածվել են տեղական վարչակազմերի հլու-հնազանդ գործիքի: Հիմնականում հենց նրանց են մոբիլիզացնում իշխանությունները սեփական վերարտադրությունն ապահովելու համար: Հենց նրանք են ներկայացնում իշխանական կուսակցությունները ընտրահանձնաժողովներում: Հենց նրանք են իրենց ուսերին վերցնում հետընտրական զեղծարարությունների կեղտոտ բեռը: Իսկ մինչեւ ընտրությունները եւ դրանցից հետո մեր երեխաներին սովորեցնում են ազնիվ քաղաքացիներ լինել ու սիրել Հայրենիքը: Խղճում եմ այդ երեխաներին:

 Վահան Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը