Հարցազրույց

21.05.2009 18:21


Գոհար Ենոքյան.

Գոհար Ենոքյան.

Հարցազրույց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գոհար Ենոքյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները։

-Շատ վատ եմ գնահատում։ Սարսափելի բացասական եմ վերաբերվում առաջարկված նախագծերի փաթեթին։

-Հատկապես ի՞նչն է Ձեզ մտահոգում։

-Նման օրենքների պայմաններում Հայաստանը չի կարող տնտեսության ցանկալի զարգացում ակնկալել։

-Բայց առաջարկվող փոփոխությունները հիմնավորվում են տնտեսական հարաբերությունների կարգավորմամբ։

-Այս փոփոխությունները կլինեն Հայաստանում արդյունաբերության վերջին վայրկյանը։ Եթե դրանք ընդունվեն, դա կլինի մեր արդյունաբերության վերջը։ Բոլորս էլ գտենք, որ վերջին  20 տարվա ընթացքում Հայաստանում ամեն ինչ արվեց, որպեսզի սպանվի փոքր և միջին բիզնեսը։ Սպանվեց և վերջացավ։

-Այդ դեպքում՝ ու՞մ են հարվածելու առաջարկվող փոփոխությունները։

-Այսօր բյուջեն լցնող մնացել է միայն խոշոր բիզնեսը։ Եվ ստացվում է, որ ուզում են ամեն ինչ անել, որպեսզի դա էլ չլինի։ Փաստորեն, չափից դուրս նսեմացնում են։

-Այսի՞նքն։

-Գիտե՞ք՝ ինչ են անում. կտրում են այն ճյուղը, որի վրա այսօր նստած է երկիրը։ Այսինքն՝ բիզնեսի այն տեսակը, որն առայժմ նորմալ աշխատում է և կարողանում է բյուջեն փող լցնել։ Դրա վերջն էլ են տալիս։ Խոշոր բիզնեսը ստուգելու բազմաթիվ ձևեր և հնարավորություններ կան։ 28-րդ հոդվածով՝ ստուգումները պետք է լինեն տարին մեկ անգամ։ Ցանկացած ժամանակ կարող են գալ, մտնել այն ձեռնարկությունները, որտեղ իրենք կասկածներ ունեն։ Թող ստուգեն ամեն ինչը, հայտնաբերեն և պատժեն։ Ցավոք սրտի, որտեղ որ պետք է գումարներ փնտրեն, այնտեղ չեն փնտրում։

-Եթե, այնուհանդերձ, օրենքների նախագծերն ընդունվեն, ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ։

-Կրկնում եմ՝ սա լինելու է Հայաստանի արդյունաբերության վերջը։ Չեմ կարծում, թե դրանք կընդունվեն։ Այսօր պատգամավորների շուրջ  80%-ն  ունի սեփական բիզնեսը։ Ի՞նչ է, իրենք իրենց ձեռքերով սեփական բիզնեսը քանդելո՞ւ են։ Դա հնարավոր չէ։ Ես ում հետ որ զրուցել եմ, բոլորն էլ դեմ են։ Ոչ ոք չի ուզում նսեմանալ։ Օրենքի նախագծով առաջարկում են հարկային տեսուչի մշտական ներկայությունը ձեռնարկությունում։ Բերում են քո տունը, քո օջախում, քո սեփականության մեջ օտար աչք են դնում, և նա իր քիթը պետք է խոթի ամեն տեղ։ Ոչ թե գործարարը վախենում է, որովհետև ինքը թաքցնելու բան ունի, այլ դա պարզապես ամոթ է։ Եթե դու չես վստահում տվյալ մարդուն, նրա գործունեությունը ստուգելու համար ուրիշ ձևեր գտիր...

-Դու՞ք էլ եք այն կարծիքին, որ այս ձևով հարկային տեսուչը դառնում է անկոչ հյուր։

-Այո։ Անկոչ հյուր, այն էլ՝ այլանդակ, տհաճ դեմքով, որ գա, նստի քո օջախում, նստի քո սեղանի շուրջը և բավական չէ՝ օգտվի այդ սեղանից, մի հատ էլ նայի բերանիդ մեջ, թե դու ոնց ծամեցիր։ Սա սարսափելի նսեմացնող պահ է։

-Դուք վստա՞հ եք, որ առաջարկվող փոփոխությունները չեն ընդունվի։

-Չե՛ն ընդունվի։ Չեմ հավատում, թե պատգամավորներն այդ աստիճան չհասկանան, որ սա Հայաստանի արդյունաբերության ավարտն է լինելու։

-Իսկ, ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում իրականացվող տնտեսական քաղաքականությունը։

-Դե, եթե այսպիսի օրենքներ են բերում, ո՞նց պետք է գնահատեմ...

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը