Լրահոս

21.05.2009 18:16


Ֆրանսիան Անկարային կոչ է անում՝ հայ–ադրբեջանական բանակցային գործընթացը չկապել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հետ

Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիան Թուրքիայի իշխանություններին նախազգուշացնում է՝ զերծ մնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանը կապելուց։

Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկու տարբեր գործընթացներ են և պետք է ընթանան զուգահեռ՝ յուրաքանչյուրն իր ռիթմով։ Փաստաթղթում նաև նշվում է, որ գործընթացներից որևէ մեկում առաջխաղացումը դրական ազդեցություն կթողնի հարավկովկասյան տարածաշրջանի վրա։ Ֆրանսիան աջակցում և խրախուսում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, և շարունակելու է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր պետությունների հետ։

Ֆրանսիայի դեսպանատան հայտարարությունը տարածվել էր մայիսի 18-ին՝ Անկարայում ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի նմանատիպ հայտարարություններից հետո։ Բ. Ֆասիեն Թուրքիա էր ժամանել հարավկովկասյան տարածաշրջան այցերի շրջանակում, որտեղ հանդիպել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էրթուղրուլ Աբականի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունից հետո, որտեղ նա ասել էր, թե Թուրքիան կբացի սահմանը Լեռնային Ղարաբաղից Հայաստանի դուրս գալուց հետո։

Ըստ «Regnum» գործակալության

Այս խորագրի վերջին նյութերը