Լրահոս

21.05.2009 15:54


Փոխնախարարը փարատե՞լ է պատգամավորի մտահոգությունները

Ազգային ժողովի հերթական քառօրյայում այդքան մեծ աղմուկ բարձրացրած հարկային փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Ասլանյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին հարց է ուղղել, թե, որն է ձեռներեց-հարկային մարմին շփումների սկզբունքը. «Մենք, ըստ էության, սկզբունք ենք որդեգրել, որ որքան այդ շփումները նվազեն, այնքան ողջունելի է: Սակայն մենք այստեղ գնում ենք հակառակ ձևով, ավելին ասեմ, սա նշանակում է, որ իսկապես մենք կոռուպցիան ավելի կզարգացնենք: Կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում, որ այն ինչ չի արվել քիչ փողով, կարվի շատ փողով: Կարծում եմ, օրենքի նախագիծը թերի է, և չեմ ընդունում այն տեսակետը, որ այն անհրաժեշտ է անպայման ներդնել, որպեսզի վերահսկողություն իրականացվի»:

-Որքան հարկային տեսուչների քանակ է սպասվում ներգրավվել նոր աշխատանքներում, ամեն մի ձեռներեցին քանի հարկային տեսուչ է «հասնում»,-հարցրել է Ստեփան Ասլանյանը:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը պատասխանելով հարցին ասել է, թե ինքը չի նշում, որ սա վերահսկողություն իրականացնելու միակ եղանակն է:

-Պարզապես ձեզ առաջարկվում է այս եղանակը, որովհետև մեր քննարկումների ժամանակ գտել ենք, որ արդյունավետ եղանակներից մեկը, որով մենք կվերահսկենք խոշորներին, այս է: Թե քանի՞ տեսուչ ներգրավված կլինի, չեմ կարող ասել, բայց սա չի նախատեսում լրացուցիչ հարկային տեսուչների ներգրավում:

Փոխնախարարը նշել է, թե առաջարկվող նախագծով հարկ վճարող և հարկային մարմին շփումն ավելացվում է միայն խոշորների համար:

-Այն հարկ վճարողները, որոնք ուզում են աշխատել օրինական հարկային դաշտում, հարկային ներկայացուցչի ինստիտուտն իրենց չի խոչընդոտելու, այլ հակառակը՝ օգնելու է:

Այս խորագրի վերջին նյութերը