Լրահոս

18.04.2012 09:22


Նոր բնակարանները կռվախնձոր Գյումրու անօթևան բազմանդամ ընտանիքներում

Նոր բնակարանները կռվախնձոր Գյումրու անօթևան բազմանդամ ընտանիքներում

Երկրաշարժի հետևանքով անօթևան բազմանդամ ընտանիքների համար մի իսկական գլխացավանք է դարձել ոչ միայն բնակարանների բաշխման ձգձգումը, այլ նաև ստանալիք բնակարանների պատկանելության որոշումը: Բազմաթիվ ընտանիքներում առաջացել են բավական սուր հակասություններ:

Գյումրիում ընթացող բնակարանային շինարարության ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլում կրճատվեց անօթևան ընտանիքների համար կառուցվող բնակարանների սկզբնապես նախատեսված քանակը: 2009-2010թթ. առաջին փուլով ծրագրված 1320-ի փոխարեն շահագործման հանձնվեց 1056 բնակարան, այսինքն` 264 բնակարանով պակաս, 2012թ. նախատեսված 1944-ի փոխարեն շահագործվելու է 1756 բնակարան կամ 188-ով պակաս: Պատճառաբանությունը երկու դեպքերի համար մոտավորապես նույնն է: Եթե նախորդ փուլում նախապես որոշված 1 և 2 սենյականոցների հաշվին շինարարության ընթացքում որոշվեց և կառուցվեց 264 հատ 3 սենյականոց, ապա երկրորդ փուլում  1, 2 և 3 սենյականոց բնակարանների թիվը կրճատվեց։

Սակայն առավել տրամաբանական կլիներ, եթե բնակարանների նախատեսված քանակի կրճատման փոխարեն 4 սենյակի հավակնորդ բազմանդամ ընտանիքներին հատկացվեիր երկուական բնակարան: Խնդիրն այն է, որ երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել. հիմնականում նրանց և՛ անդամների քանակն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ավելացել: Ուստի այս շահառուները ստանալիք բնակարանի պատկանելությունը որոշելու բավական լուրջ խնդիրներ ունեն:

Նման իրավիճակում է հայտնվել նաև Գյումրու Շչեդրինի 218/059 տնակում բնակվող Պետրոսյանների ընտանիքը: Նրանց ընտանիքի ներսում հետերկրաշարժյան տարիներին առաջացել է 3 ընտանիք: Սակայն գործող կարգի համաձայն անօթևան ընտանիքներին տրամադրվում է այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժին, եթե իհարկե ընտանիքների անդամների թիվը չի պակասել, նման դեպքերում պակասեցվում է նաև սենյակների քանակը: Այս տարի նրանց 11 անձից բաղկացած 3 ընտանիքին հատկացնելու են մեկ հատ 4 սենյականոց բնակարան: Նրանց մի մասը` Պետրոսյան Ռիման և Սուրենը, իրենց 4 անչափաս երեխաների հետ միասին որոշել են մնալ տնակում, արդեն առանց անօթևանի կարգավիճակի:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում http://youtu.be/zp57OZG3rUY :

Այս խորագրի վերջին նյութերը