Լրահոս

20.05.2009 21:07


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ–թուրքական հարաբերությունների և իրանական երկաթգծի մասին

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարություններին, ըստ որոնց՝ Հայաստանի հետ հարաբերությունները լինելու են նախապայմաններով։

-Ժամանակը չէ՞ արդյոք արագացման ենթարկել դեպի Իրան տանող երկաթուղու կառուցումը։ Եվ ժամանակը չէ՞ արդյոք, որ մեր կառավարությունը նորից անդրադառնա Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող և ԼՂՀ ենթակայության տակ գտնվող տարածքների վերաբնակեցմանը՝ հայկական էլէմենտով, որովհետև ակնհայտ է, որ հայկական տարրի բացակայությունն է այնտեղ տաքացնում ադրբեջանաթուրքական ախորժակները։

Պատասխանելով Վահան Հովհաննիսյանի հարցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե ՀՀ դիրքորոշումն այս բանակցությունների ընթացքում չի կարող փոխվել.

-ՀՀ նախագահը հստակ հնչեցրել է մեր դիրքորոշումը։ Օգտվելով այս առիթից, ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Հարաբերությունները թուրքերի հետ կարող են կարգավորվել միայն առանց նախապայմանների։ Ավելին, մենք ունենք մի հզոր գործիք, այն է՝ որ ցանկացած պայմանագիր, որը պետք է հիմք դնի դիվանագիտական հարաբերությունների կամ սահմանի բացմանը, այն պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից։ Մեր դիրքորոշումը պետք է լինի պրոակտիվ։

Անդրադառնալով երկաթգծի կառուցման մասին հարցին, վարչապետն ասել է, որ երեքշաբթի կառավարության խորհրդակցություն է հրավիրվել այդ թեմայով.

-Դուք գիտեք, որ սկզբունքային և քաղաքական որոշումներն արդեն իսկ կայացվել են, և դրա մասին ՀՀ նախագահը հայտարարեց Իրան այցի ժամանակ։ Որոշել ենք ֆինանսների նախարարին և բանկի նախագահին հրավեր ուղարկել, որպեսզի քննարկենք տեխնիկական խնդիրները, թե առաջին փուլում ի՞նչ համատեղ աշխատանքներ պետք է իրականացնենք՝ սեղմ ժամկետներում շինարարական աշխատանքները սկսելու համար։ Ձեզ հետ համաձայն ենք, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրենք, որ ժամկետները լինեն մինիմալ։

Այս խորագրի վերջին նյութերը