Լրահոս

17.04.2012 17:48


Իրավապաշտպան հասարակական կառույցների հայտարարությունը

Իրավապաշտպան հասարակական կառույցների հայտարարությունը

Երեկ` 2012 թ. ապրիլի 16-ին տեղի է ունեցել հարձակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա: Հարձակման պատճառ է հանդիսացել իր գրասենյակի տարածքի տրամադրումը` ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու նպատակով:

 

Շուրջ 200 անձ պաստառներով շրջափակել են կազմակերպության գրասենյակը` պահանջելով չտրամադրել տարածքը ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու նպատակով: Նրանց մի մասը ներխուժել է գրասենյակ, սպառնալիքներ ու հայհոյանքներ տեղացել աշխատակիցների հասցեին և վնասել կազմակերպության գույքը: Դրսում հավաքված անձինք ձվեր և քարեր են նետել գրասենյակի ուղղությամբ, ինչի պատճառով կոտրվել են գրասենյակի պատուհանների ապակիները և մարմնական վնասվածք է ստացել կազմակերպության մեկ աշխատակից:

 Թեև կազմակերպության աշխատակիցների կողմից հեռախոսով անմիջապես ոստիկանությանը հաղորդում է ներկայացվել միջադեպի վերաբերյալ և հարձակման ժամանակահատվածում որոշ ոստիկաններ ներկա են եղել տարածքում, նրանք որևէ գործողություն չեն ձեռնարկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անձեռնմխելիությունը, աշխատակիցների անվտանգությունն ապահովելու և գույքը պաշտպանելու ուղղությամբ:

 Մի քանի օր առաջ նույնանման միջադեպ էր տեղի ունեցել Գյումրում, երբ մի խումբ քաղաքացիներ բռնությամբ ու սպառնալիքներով խոչընդոտել էին «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ կողմից նույն միջոցառումը կազմակերպելու համար տարածք տրամադրելուն: Ակնհայտ է, որ այս երկու ոչ խաղաղ ցույցերը եղել են կազմակերպված և ուղղորդված, ինչի հաստատումն է փառատոնը չանցկացնելու մասին տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների հորդորները Գյումրում և բողոքի ակցիան կազմակերպված անցկացնելու համար ոստիկանությանն ուղղված շնորհակալական ուղերձները Վանաձորում: Նման երևույթները թույլ են տալիս եզրահանգել, որ այդ ցույցերն առնվազն հովանավորվել են իշխանությունների կողմից:

 Մենք` ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում են հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ ցանկացած ոտնձգություն: Պահանջում ենք, որպեսզի պետությունը կատարի իր պարտականությունները և Հայաստանի Հանրապետությունում ապահովի անձանց միավորումների ազատության, կարծիքի ու արտահայտման ազատության իրավունքները: Պետությունը պարտավոր է պաշտպանել անձանց ու կազմակերպությունների բնականոն գործունեությունը և անվտանգությունը ցանկացած դեպքում` անկախ հակաիրավական գործողությունների շարժառիթից:

 Ներքոստորագրյալ կազմակերպություններս, հանդիսանալով խոսքի և արտահայտվելու ազատության ջատագովներ և մեծապես կարևորելով իրավապաշտպան կազմակերպությունների և անձանց պաշտպանվածությունը, պահանջում ենք`

 բացահայտել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դեմ նախապես պլանավորած բռնության գործադրմամբ ակցիայի կազմակերպիչներին և հասարակական կարգը խախտող անձանց և նրանց արարքին տալով համապատասխան իրավական որակում` ենթարկել պատասխանատվության.

  1. բացահայտել անգործություն ցուցաբերած իրավապահ համակարգի աշխատակիցներին և նրանց արարքին տալով համապատասխան իրավական որակում` ենթարկել պատասխանատվության.
  2. ապահովել ակտիվ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և անհատ իրավապաշտպանների անվտանգությունը` իրենց իրավապաշտպան գործունեությունից բխող վտանգներից, ինչպես նաև չօգտագործել մտացածին պատրվակներ նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով:

 Ստորագրություններ

 «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ

«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ

«Փաստաբաններ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» ՀԿ

«Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» հիմնադրամ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

«Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ

«Հույս» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ

«Քաղաքացիական ֆորում» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը