Լրահոս

17.04.2012 17:21


Տեղի է ունեցել ՏՏԶԱԽ հերթական նիստը

Տեղի է ունեցել ՏՏԶԱԽ հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը: 
ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը հաստատելուց հետո սկսվել է օրակարգային հարցերի քննարկումը: Խորհուրդն անդրադարձել է հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին: Առաջարկվել է ներկայացնել ոլորտի ենթակառուցվածքների զարգացման նոր մեխանիզմներ և այդ համատեքստում վերացնել օրենսդրությունում առկա բացերը:
Այնուհետև քննարկվել են պետական գնումների և մրցույթների ոլորտում առկա խնդիրները: Առաջարկվել է ստեղծել միասնական վեբ-կայք, որտեղ ներկայացված կլինեն բոլոր մրցույթները, դրանց մասնակիցների ցանկը և արդյունքները: 
Անդրադարձ է կատարվել նաև բուհերում ուսումնական գործընթացները նորագույն ծրագրային միջոցներով զինելու հարցին: Առաջարկվել է լոկալ Վիքի համակարգի միջոցով մշակել ինտերնետային ուսումնական հանրագիտարան, որը հնարավոր կլինի կիրառել բուհերի ուսումնական գործընթացում: Արդեն իսկ մշակվել է դպրոցական փորձնական հանրագիտարան՝ ներկայացված երկաչափություն առարկայի սահմաններում: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ քննարկել առաջարկությունը և տալ եզրակացություն: 
Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է համակարգչային հայատառ ստեղնաշարերի ստեղծման հարցը: Տեղեկացվել է, որ ներկայում համակարգիչներ և համակարգչային սարքավորումներ արտադրող առաջատար որոշ ընկերություններ հանդես են գալիս համակարգչային հայատառ ստեղնաշար արտադրելու նախաձեռնությամբ: Հաշվի առնելով այն, որ համակարգչային հայատառ ստեղնաշարն ունենալու է երկլեզու՝ հայերեն և անգլերեն ստեղներ, որոնք օգտագործվում են զուգահեռաբար, ուստի արտադրողների հետ հետագա բանակցությունների համար անհրաժեշտ է ընտրել տառերի դասավորության Armenian Typewriter կամ Armenian Phonetic տարբերակներից մեկը: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին հարցի շուրջ ձևավորել միասնական մոտեցում՝ արտադրողների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար:
Ներկայացվել է նաև 2012 թ. նախատեսվող ՏՀՏ միջոցառումների ցանկը: Նշվել է, որ դրանց թվում առկա են համաշխարհային նշանակություն ունեցող միջոցառումների ծրագրեր, որոնց կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը