Լրահոս

16.04.2012 15:39


Արցախում հանցագործությունների թիվը նվազել է

Արցախում հանցագործությունների թիվը նվազել է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը և հանդես եկել ելույթով:  Բ. Սահակյանն իր ելույթում ասել է. «Ոստիկանության հարգելի աշխատակիցներ և վետերաններ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի և Ոստիկանության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ: 

Տոնական այս պահին ես նախևառաջ գլուխ եմ խոնարհում Արցախյան ազատամարտում և իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս նահատակված բոլոր ոստիկանների հիշատակի առջև: Հավե~րժ փառք ու պատիվ մեր երախտավորներին: 

Այս օրը ևս մեկ առիթ է անդրադառնալու ձեր աշխատանքին: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համակարգում, ընդհանուր առմամբ, իրականացվել են զգալի դրական փոփոխություններ ու տեղաշարժեր: 

Առաջին հերթին կուզենայի նշել այն փաստը, որ 2011 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 99-ով: Հանրապետությունում 10 հազար բնակչին ընկնող հանցագործությունների թիվը շարունակաբար նվազում է և կազմել է 25,6` 2010 թվականի 33-ի դիմաց: Սա համաշխարհային մասշտաբով ամենացածր ցուցանիշներից է, ինչը վկայում է մեր երկրում հասարակական անվտանգության բարձր մակարդակի մասին:

Գոհացուցիչ է հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշը` շուրջ 91 տոկոս: Սակայն անհրաժեշտ է էլ ավելի հետևողական աշխատանք տանել այս ցուցանիշը, ինչպես նաև նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Կան նաև չբացահայտված ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, ինչը անթույլատրելի է:

Որպես առաջնային խնդիր պետք է դիտվի լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերումը: 2011 թվականին 2010-ի համեմատությամբ այս ցուցանիշը 16 դեպքով աճել է: Սակայն այստեղ անելիքներ դեռևս շատ կան: 
Հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է հետևողական աշխատանք տանել առաջին հերթին հանցագործությունների նախականխման և կանխման ուղղությամբ: Այս համատեքստում կարևոր է ընդլայնել ու ավելի խորացնել համագործակցությունը ինչպես ոստիկանության ստորաբաժանումների միջև, այնպես էլ համապատասխան այլ կառույցների հետ: Առանցքային է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության ու այլ պետական մարմինների հետ կապերի սերտացումը:

Խնդիրներ կան ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում, որոնք մեծապես կապված են նաև երթևեկության ինտենսիվության շարունակական աճի, ճանապարհների թողունակության հետ: Ես իրազեկված եմ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման և անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ տարված ծավալուն աշխատանքների մասին: Սակայն այստեղ դեռևս կան չլուծված խնդիրներ, ինչի մասին է խոսում նաև ճանապարհատրանսպորտային պատահարների թվի զգալի աճը: Անհրաժեշտ է ոլորտում իրավիճակը շտկելու նպատակով անցկացնել համալիր միջոցառումներ:

Ոստիկանության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը մեծապես կախված է կադրային ճիշտ քաղաքականությունից, այդ թվում` կարգապահության, կադրերի ընտրության և ճիշտ տեղաբաշխման հարցերից: Այդ ուղղությամբ պետք է տանել շարունակական աշխատանք:

Ամբողջ կառույցի և յուրաքանչյուր ոստիկանի սկզբունքային ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ են նաև մեր հանրապետությունում պահպանվում օրինականությունը, հասարակական կարգն ու կանոնը, պաշտպանվում քաղաքացիների շահերն ու իրավունքները: Դրանք մեր պետության կենսագործունեության այն կարևորագույն ոլորտներից են, որոնք մշտապես գտնվում են թե իշխանությունների և թե հասարակության ուշադրության կենտրոնում: Եվ բնական է, որ այստեղ առկա ինչպես դրական միտումները, այնպես էլ բացթողումներն ու թերացումներն անմիջապես համապատասխան արձագանք են ստանում բնակչության կողմից: Այդ իսկ պատճառով ոստիկանության աշխատակիցներին ներկայացվող պահանջներն ավելի խիստ են ու կտրուկ: 

Ուզում եմ վստահ լինել, որ ոստիկանության ղեկավարությունը և յուրաքանչյուր ծառայող այսուհետ էլ կանեն հնարավորը դրված խնդիրները արդյունավետ կերպով լուծելու համար: Իսկ պետության կողմից համակարգի նկատմամբ ցուցաբերվող հոգածությունը լինելու է շարունակական և կրելու է հետևողական բնույթ:
Հարգարժան ոստիկաններ,Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեզ և ձեր ընտանիքներին: 
Շնորհակալություն»:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը