Լրահոս

16.04.2012 20:06


Ի՞նչ են որոնում ադրբեջանցի երիտասարդները Բուդապեշտում

Ի՞նչ են որոնում ադրբեջանցի երիտասարդները Բուդապեշտում

Ապրիլ ամսվա երկրորդ շաբաթը ադրբեջանցի եվրոպաբնակ երիտասարդների ուշադրության կենտրոնում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտն էր, որտեղ տեղի էր ունենում Ադրբեջանցի ուսանողների և շրջանավարտների միջազգային ֆորումի (ASAIF) «Ես երիտասարդ դեսպան եմ» կոնֆերանսը:

Միջոցառման հիմնական նպատակը, բնականաբար, ոչ թե աշխարհի լավագույն բուհերն ավարտած ադրբեջանցիներին Ադրբեջանի տնտեսության մեջ ներգրավվելու քարոզչությունն էր կամ, օրինակ, ադրբեջանցի ուսանողներին կրթաթոշակներ բաժանելը, այլ վերջիններիս ուղեղի լվացումն ու հայատյացության հերթական չափաբաժնի ներարկումն էր: Կոնֆերանսի անցկացման վայրը ևս պատահական չէր և բավականին խորհրդանշական. բոլորին հայտնի է, որ հենց Բուդապեշտ քաղաքում տեղի ունեցավ 21-րդ դարում ադրբեջանցու ձեռքերով կատարված ամենադաժան ոճրագործություններից մեկը. հենց այդ քաղաքում 2004թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը սպանեց հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս քնած էր: Հասկանալի էր, որ կոնֆերանսը Բուդապեշտում անցկացման այս խորհրդանշական քայլով Ադրբեջանի իշխանություններն անուղղակի կերպով ուզում էին իրենց աջակցությունը հայտնեին մարդասպանին և ադրբեջանցի եվրոպաբնակ երիտասարդներին ցույց տալ, թե ով է հանդիսանում ադրբեջանական երիտասարդության ամենավառ օրինակը և խորհրդանիշը:

Վերոհիշյալի մասին վկայում էին նաև կոնֆերանսին ելույթ ունեցող ադրբեջանցի պաշտոնյաները: Այսպես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը իր ելույթում հայտարարեց, որ եթե իրենց չհաջողվի «Ղարաբաղը ազատագրել խաղաղ ճանապարհով», ապա Ադրբեջանը կընտրի ռազմական ուղին, և հենց նրանք` ադրբեջանցի երիտասարդները, պետք է կատարեն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները:

Ընդհանուր առմամբ` ցավով պետք է արձանագրել, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում, այլև ուժեղացնում են հայատյացության սերմանումը և պատերազմը վերսկսկելու քարոզումը ադրբեջանական երիտասարդության շրջանում: Նման քայլերով և ռազմատենչ հայտարարությունների հնչեցմամբ` Ադրբեջանի իշխանությունները վերջնականապես թաղում են ոչ միայն բանակցային գործընթացում որևէ չնչին համաձայնության ձեռքբերման հնարավորությունը, այլև մեծ հարված են հասցնում հայ և ադրբեջանցի երիտասարդության բնականոն շփման նշույլներին:

Ամեն դեպքում, ծիծաղելի է, որ կյանքում երբևիցե պատերազմ չտեսած և նույնիսկ զենք չբռնած Ասլանովը պատերազմ է քարոզում վառոդի հոտը չառած եվրոպաբնակ և անգամ մայրենի լեզուն լավ չտիրապետող ադրբեջանցիներին: Դեռ ավելին, հարկ է նշել, որ արտերկրում սովորող ադրբեջանցի ուսանողների բացարձակ մեծամասնության համար արտասահմանում սովորելը պայմանավորված է օրինական ճանապարհով ադրբեջանական բանակում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելով: Պարզ է, որ Արցախում պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում այդ երիտասարդները ոչ միայն չեն մեկնի ճակատ, այլև բանակում ծառայելու իրենց սահմանադրական պարտքը չեն կատարի նույնիսկ հարաբերական խաղաղ պայմաններում: Փառք Աստծո` ադրբեջանցիները` ի դեմս հայր և որդի Հեյդար և Իլհամ Ալիևների, միշտ էլ պարտադիր զինվորական ծառայությունից խույս տալու յուրահատուկ տաղանդ են ունեցել, և այսօր էլ Ադրբեջանի առաջադեմ երիտասարդությունը` հանձին արտերկրում կրթություն ստացած երիտասարդների, շարունակում է պահպանել իրենց պապերի կողմից ձևավորված դասալքության ավանդույթը:

                                       Տիգրան Աբրահամյանց

Այս խորագրի վերջին նյութերը