Լրահոս

20.05.2009 19:20


Տիգրան Սարգսյան. «Պետական չինովնիկներին պետք է հորդորել, որպեսզի նրանք իրենց ամառային հանգիստը Հայաստանում անցկացնեն»

Ազգային ժողովի և ՀՀ կառավարության ավանդական հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը հարցն ուղղել է կառավարությանը.

-Մոտենում է տուրիզմի ամառային շրջանը։ Ըստ որոշ հաշվարկների, ամռան ընթացքում արտերկրում հանգստի հետ կապված հանրապետությունից դուրս է գալիս մոտ 300 մլն դոլլար։ Բնականաբար, հատկապես ճգնաժամի պայմաններում ցանկալի կլիներ, որպեսզի այդ գումարների առավելագույն մասը մնար հանրապետությունում։ Կարծում եմ, կառավարությունն այդ ուղղությամբ առավելագույն ջանքեր պետք է գործադրի, ստեղծելով նպաստավոր պայմաններ։

Հրանտ Մադաթյանը հարցը ձևակերպել է հետևյալ կերպ. «Ի՞նչ մոտեցումներ ունի կառավարությունը՝ հատկապես ճգնաժամի պայմաններում տուրիզմի կազմակերպմանը աջակցություն ցուցաբերելու իմաստով»։

Հարցին պատասխանել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

-Նախևառաջ մենք պետք է կարողանանք նպաստավոր պայմաններ ստեղծել ՀՀ-ում, որ մարդիկ նախապատվությունը տան Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում անցկացնել իրենց հանգիստը։ Դա մեզ համար կարևոր խնդիր է և ունի լուրջ հակաճգնաժային բովանդակություն։

Տիգրան Սարգսյանն ասել է, թե մարզպետների հետ հանդիպման ժամանակ նրանց հանձնարարականներ է տրվել, որպեսզի ըստ մարզերի առաջարկություններ ներկայացնեն, թե ինչքա՞ն տուրիստ մենք կարող ենք ընդունել, ինչպիսի՞ ծառայություններ կարող ենք առաջարկել, կիրառվող գներն իջեցնել, որպեսզի նպաստեն տուրիզմի զարգացմանը։

Վարչապետն ասել է նաև, թե պետական չինովնիկներին պետք է հորդորել, որպեսզի նրանք իրենց ամառային հանգիստը Հայաստանում անցկացնեն։

Այս խորագրի վերջին նյութերը