Լրահոս

16.04.2012 11:50


Գերմանիայի ԱԳ պետնախարար. «Հայաստանի և Վրաստանի առաջիկա ընտրությունները կարևոր չափանիշ են դեպի Եվրոպա այս երկրների ուղղության համար»

Գերմանիայի ԱԳ պետնախարար. «Հայաստանի և Վրաստանի առաջիկա ընտրությունները կարևոր չափանիշ են դեպի Եվրոպա այս երկրների ուղղության համար»

Ապրիլի 16-ին Հայաստան է ժամանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերի գլխավորած պատվիրակությունը: Հարավային Կովկաս կատարելիք իր այցից առաջ պետնախարար Պիպերը Բեռլինում խոսել է նաև հայ-գերմանական հարաբերությունների մասին:

«Հայաստանի և Վրաստանի հետ Գերմանիայի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն: Այս գարնանը լրանում է այս պետությունների հետ

արտգործնախարար Գենշերի կողմից դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20-ամյակը: Իմ այցով ես ցանկանում եմ պատվել այդ առիթը: Գերմանիան սկզբից ևեթ հանդես է եկել որպես երկկողմ կարևորագույն գործընկեր:

Զարգացման քաղաքականության երկկողմ համագործակցության մեջ մենք եղել ենք երկրորդ խոշոր դոնոր գործընկերը: Մշակութային հարաբերությունները հրաշալի կամրջող դեր են խաղացել մեր երկրների միջև: Այդ պատճառով էլ առանձնահատուկ կարևորություն եմ տալիս Լեզվի ուսուցման գերմանական կենտրոնին, որի բացման պատիվն ունեմ Երևանում: Ներկայում Հայաստանից և Վրաստանից շուրջ 3000 երիտասարդներ են ուսանում Գերմանիայում: Գերմանիան իր արևելյան հարևանների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ ջանքեր է գործադրում նաև Եվրամիության շրջանակում: Ցավոք, հարավկովկասյան պետությունները կրում են տարածքային ցայսօր չլուծված հակամարտությունների կնիքը: Մինչդեռ բոլոր կողմերը մեծապես կշահեին խաղաղ կարգավորումից: Մենք ցանկանում ենք նպաստել փոխվստահության ձևավորմանը: Առավել ակտիվ տարածաշրջանային համագործակցությունը կարող է բանալի դառնալ հետագա դրական զարգացումների համար: Իմ հանդիպումներում ես հստակեցնելու եմ. Հայաստանի և Վրաստանի առաջիկա ընտրությունները կարևոր չափանիշ են ժողովրդավարական զարգացման և դեպի Եվրոպա այս երկրների ուղղության համար: Աշխույժ և կենսունակ ժողովրդավարությունը ենթադրում է խաղի միևնույն կանոններ բոլոր և անկախ լրատվամիջոցների համար: Այս թեմաների շուրջ Երևանում և Թբիլիսիում ես զրուցելու եմ նաև լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»:

Պետնախարար Պիպերն ապրիլի 16-ին հանդիպում կունենա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Նա կհանդիպի նաև ուսանողության հետ Երևանի պետական համալսարանում։

Այս խորագրի վերջին նյութերը