Լրահոս

14.04.2012 09:45


Էկոլուրի «արգելված» նկարահանումները Սոտքում

Էկոլուրի «արգելված»  նկարահանումները Սոտքում

Սոտքում ջարդող-տեսակավորող համալիրի տեղադրումն անօրինական է: Այսպիսին է «ԷկոԼուր»-ի դիրքորոշումը, որն արտահայտվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբին ուղղված պաշտոնական գրության մեջ: Աշխատանքային խումբը ստեղծվել է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով` հետաքննելու «GeoProMining Gold» ընկերության կողմից Սոտքում ջարդող-տեսակավորող համալիրի տեղադրման խնդիրները: «ԷկոԼուր»-ի նախագահը Էկոլոգիական հասարակական դաշինքի առաջարկով աշխատեց աշխատանքային խմբի կազմում: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբին ուղղված «ԷկոԼուր»-ի պաշտոնական գրության մեջ գրված է.

«Արդյոք օրինակա՞ն է Սոտքում «GeoProMining Gold» ընկերության կողմից ջարդող-տեսակավորող սարքավորման տեղադրումը, թե՞ ոչ: Այս գլխավոր հարցի պատասխանը միանշանակ է` սարքավորման տեղադրումն անօրինական է:

1. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հղում է անում նրա վրա, որ ջարդող-տեսակավորող սարքավորումը Սոտքում հանքանյութի արդյունահանման ամբողջ գործընթացի բաղկացուցիչ մասն է, եւ դեռեւս 1988թ. հաստատված նախագծով այն ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, քանի որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը հետադարձ ուժ չունի:   Սակայն նախագծով նախատեսված գործունեությունը մինչեւ 2011 թվականը չի իրականացվել, ինչի մասին վկայում են թույատրող փաստաթղթերը, որոնք 2011թվականով են թվագրված: Դա նշանակում է, որ մինչեւ 2011 թվականը 1988թ-ի նախագծով գործունեությունը  պետք է համարել պարզապես նախատեսված գործունեություն, որը,  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի (գլուխ 1, հոդված 2 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեություն է, որի հիմնական նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել հայեցակարգի եւ նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը մարդու առողջության, շրջակա միջավայրի, տնտեսական եւ սոցիալական բնականոն զարգացման վրա») համաձայն` ենթակա է փորձաքննության, ինչը չի արվել:

2. Նախատեսված, ապա նաեւ կառուցված  ջարդող-տեսակավորող սարքավորման  վերաբերյալ փորձաքննության եզրակացության բացակայությունը հակասում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի 1-ին գլխի 3-րդ հոդվածի բոլոր կետերին, որտեղ նշված է այլընտրանքային նախագծերի պարտադիր լինելու, ռիսկերի աստիճանի եւ այլնի մասին:

3. Ընդհանրապես որեւէ հղում չկա «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին: Անտեսվել է այն փաստը, որ Սոտք եւ Մասրիկ գետերը, որոնք կազմում են Սեւանա լճի ջրահավաք ավազանի մասը, աղտոտվում են մանրացված եւ փոշիացված հանքանյութով, որն արդեն իսկ կուտակված է գետերի հատակում: Այս ուսումնասիրությունները 2008-2009թթ. կատարվել են «GeoProMining Gold» ընկերության պատվերով: Անհրաժեշտ է ունենալ ներկայիս տվյալները` համեմատելու, թե որքանով է ազդել այդ վերամշակման գործընթացը գետերի վրա: Ոչ մի տեղ նշված չէ լցակույտերի տեղադրման վայրը, նշված չէ տոքսիկ տարրեր եւ ծանր մետաղներ պարունակող փոշու կոնցենտրացիան, նշված չեն Սեւանի ջրահավաք ավազանում փոշու տարածման մասշտաբները:

4. 2012թ. մարտի 28-ին աշխատանքային խումբը «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Սոտք: Այցելության ընթացքում աշխատանքային խումբը տեղում չկարողացավ իրավիճակի բավականաչափ ուսումնասիրություն կատարել: Ընկերության ներկայացուցիչներն արգելեցին ընկերության տարածքում նկարահանում իրականացնել`պատճառաբանելով, թե աշխատանքային խումբը «GeoProMining Gold»-ի գլխավոր տնօրենի թույլտվությունը չունի: Աշխատանքային խմբին թույլ տվեցին  մտնել տարածք այն պայմանով, որ տեսախցիկներն ու ֆոտոխցիկները չեն օգտագործվի: Աշխատանքային խումբը չծանոթացավ իրավիճակի հետ այն տարածքներում, որտեղ լցվում են լցակույտերը: Տեղեկատվություն չի տրամադրվել ընթացիկ աղտոտվածության, արտանետումների մասին եւ այլն: Կարծում եմ, որ դա ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի իրավասությունների խախտում է:

5. Կարծում եմ, որ` ա) ջարդող-տեսակավորող սարքավորման տեղադրումը Սեւանա լճի ջրահավաք ավազանում անօրինական է, քանի որ ջարդող-տեսակավորող սարքավորումը վերամշակող օբյեկտ է, որը զգալիորեն մեծացնում է  վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` հաշվի առնելով այն, որ մտնում է Սեւանա լճի ջրահավաք ավազանի մեջ եւ հակասում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին, բ) ջարդող-տեսակավորող սարքավորման կառուցումը հանդիսանում է նախատեսված գործունեություն, որն իրականացվել է  2011թ. այլ ոչ 1988թ. նախագծով նախատեսված ավելի վաղ ժամկետում: Հետեւաբար, նախագիծը պետք է պարտադիր կերպով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցներ` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 1-ին գլխի 2-րդ հոդվածին համապատասխան, գ) անհրաժեշտ է, որպեսզի բնապահպանական տեսչությունը ստուգումներ անցկացնի այդ օբյեկտում, հայտնաբերի արդեն իսկ առկա բոլոր խախտումները` շրջակա միջավայրում` հողում, ջրում, մթնոլորտում փոշու, ծանր մետաղների եւ տոքսիկ տարրերի ու միացությունների ավելացումը, եւ համապատասխան ակտ կազմի, դ) ապամոնտաժել օբյեկտը»:

«ԷկոԼուր»

Այս խորագրի վերջին նյութերը