Լրահոս

20.05.2009 16:08


Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպան Պետրոս Կեսթորասը

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպան Պետրոս Կեսթորասը

Շնորհավորելով դիվանագետին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Կիպրոսի հետ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկու ժողովուրդների պատմականորեն ձևավորված մեծ հարգանքը միմյանց նկատմամբ: Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ մեծապես կնպաստի, որպեսզի հարուստ ավանդույթներ ունեցող հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները շարունակեն զարգանալ ու ընդլայնվել:

Դեսպան Կեսթորասը Նախագահ Սարգսյանին հաղորդել է Կիպրոսի Նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասի ջերմ ողջույնները: Դիվանագետն ընդգծել է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու Կիպրոսի ցանկությունը:

Կողմերը հայ-կիպրական հարաբերությունները գնահատել են գերազանց և համաձայնել, որ դրանք ունեն փայլուն ապագա: Նրանք երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների համագործակցությանը բնորոշ գիծ են համարել փոխադարձ աջակցությունն ու օգնությունը:

Հանրապետության Նախագահն ու դեսպանը համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Կիպրոսը փոխգործակցության մեծ դաշտ ունեն Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակում:

Դեսպան Կեսթորասը շնորհակալություն է հայտնել միջազգային տարբեր ատյաններում Կիպրոսի հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշման համար:

Դիվանագետի խնդրանքով Նախագահ Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նա ներկայացրել է նաև խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Դեսպան Կեսթորասը վստահեցրել է, որ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը երկու երկրների միջև գործակցության հետագա ընդլայնման և բարեկամ հայ ժողովրդի հետ կապերի ամրապնդման համար:

Այս խորագրի վերջին նյութերը