Լրահոս

20.05.2009 14:53


ՀՀ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է «.am» տիրույթում հանգուցային անվանումների գրանցման, սպասարկման, համակարգման և կառավարման ծառայությունների շուկան

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում գործող ADC ընկերպության դիմումի հիման վրա ուսումնասիրել է համակարգչային գլոբալ ցանցի «.am» տիրույթում հանգուցային անվանումների գրանցման, սպասարկման, համակարգման և կառավարման ծառայությունների շուկան: Համաձայն ուսումնասիրության, ՀՀ-ում «.am» տիրույթի կառավարումը ԱՄՆ-ում գրանցված IANA (Internet Assigned numbers Authority՝ ինտերնետ հատկացված համարների կառավարող) կազմակերպության կողմից 1994 թ. տրամադրվել է «Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպությանը:

Չնայած ինտերնետը հայտնի է որպես կենտրոնական կոորդինացումից ազատ համաշխարհային ցանց, սակայն ինտերնետի որոշ կարևոր մասեր տեխնիկապես համընդհանուր կոորդինացման կարիք ունեն, ինչն իր հերթին նպաստում է ինտերնետի անխոչընդոտ կառավարմանը: Այդ դերը ստանձնել է IANA -ն: IANA -ն նշանակում և սպասարկում է հատուկ կոդերի և համարների համակարգը, որոնք օգտագործում են տեխնիկական արձանագրություններ, որոնք էլ սպասարկում են ինտերնետը:  IANA-ն իր գործունեությունն իրականացնում է 1970 թվականից:

«Ինտերնետ միությունը» (հետագայում վերանվանված «Ինտերնետ հանրություն») 2001 թ. հիմնադրել է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն, որն էլ իրականացնում է վերոհիշյալ ծառայությունները, և շուկայում որպես իրացնող միակ տնտեսվարող սուբյեկտն է:

«Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ կանոնադրության համաձայն, ընկերության գործունեության ուղղություններից է նաև ինտերնետային հասցեների գրանցումը, որը լիցենզավորման ենթակա չէ: Ընկերությունը համակարգում և կառավարոմ է «.am» տիրույթում ինտերնետային հասցեների (դոմենային անուններ) գրանցումը և պահպանումը: Այդ ծառայությունները չեն մատուցվում ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն համակարգչային գլոբալ ցանցի «.am» տիրույթում հանգուցային անվանումների գրանցման, սպասարկման, համակարգման և կառավարման ծառայությունների շուկայում Հանձնաժողովի որոշմամբ, համարվել է մենաշնորհ դիրք ունեցող և գրանցվել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների կենտրոնացված գրանցամատյանում:

Այս խորագրի վերջին նյութերը