Լրահոս

12.04.2012 14:47


Երրորդ ուժն՝ ըստ «Միավորված հայերի»

Երրորդ ուժն՝ ըստ «Միավորված հայերի»

Երրորդ ուժի գաղափարը խորթ է շատերին, դա հիմնական բացատրությունն էլ կարելի է համարել այն, որ հասկացությունն իմաստային առումով անծանոթ է և ոչ բավարար կերպով մեկնաբանված: Առհասարակ զարգացած երկրներում քաղաքական ասպարեզում հազվադեպ կարելի է հանդիպել այնպիսի քաղաքական ուժի, որն իրեն կհռչակի որպես երրորդ ուժ: Դա պայմանավորված է նրանով, որ իշխանական թևեր զբաղեցնողները սովորաբար ունենում են հենց պետականամետ քաղաքականություն, ինչն էլ երրորդ ուժի իմաստային-գաղափարական կորիզն է: Երրորդ ուժը հանդիսանում է այլընտրանք իշխանական և ընդդիմադիր թևերի նկատմամբ: Հետևաբար այն երկրներում, որտեղ իշխանությունը որդեգրում է իր քաղաքականությունը` ի նպաստ պետության և ազգի շահին, երրորդ ուժի անհրաժեշտությունը կորցնում է իր ակտուալությունը:

Մեր երկրում բնականաբար ամեն ինչ այլ է և չի ենթարկվում ոչ մի տրամաբանության: Ընդդիմադիրները նախկին իշխանավորներն են, ովքեր ամեն կերպ ցանկանում են վերադարձնել իրենց քաղաքական աթոռները, իշխանավորները` աթոռատերերն են, ովքեր օր օրի խորացնում են իրենց  արմատները` նորանոր ծիլեր տալով այլ պաշտոնների շուրջ և արդյունքում ստեղծելով անանցանելի քաղաքական հանգույց: Իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր հոգնել են այս երկու ներկայացումներից, ցանկանում են քաղաքական հարթակում տեսնել նոր խաղացողների, որոնց դերում հանդես է գալիս երրորդ ուժը: Սակայն պետք է նաև նշել, որ մեր երրորդ ուժերը հիմնականում չեն կարողանում երկար դիմակայել ընդդիմադիր և իշխանական քամիներին, արդյունքում մենք կրկին կորցնում ենք քաղաքական այլընտրանքային ուժ ունենալու մեր վերջին հույսը: Այս ամենի վառ օրինակները կարելի է տեսնել այսօրվա քաղաքական եռուզեռում:

Այնինչ իրականում երրորդ ուժը չպետք է զիջի իր դիրքերը, անգամ եթե հայտնվում է իշխանական թևերում և աթոռակռվի փոխարեն պետք է զբաղվի ազգային-պետական կարևոր հիմնախնդիրների լուծմամբ: Մնում է համբերությամբ զինվել և տեսնել, թե ինչով է ի վերջո ավարտվելու մեր երկրում ընդդիմություն-իշխանություն-երրորդ ուժ  եռակազմ բացառիկ պայքարը: Եվ լավ կլինի, որ այդ պայքարի արդյունքում հաղթող դուրս գա ժողովուրդը...

«Միավորված հայեր» կուսակցություն 

Այս խորագրի վերջին նյութերը