Լրահոս

12.04.2012 09:44


Տիգրան Խզմալյանի կինը ներկայացրել է ՀՀԿ ընտրացուցակից ինքնաբացարկի պաշտոնական դիմում

Տիգրան Խզմալյանի կինը ներկայացրել է ՀՀԿ ընտրացուցակից ինքնաբացարկի պաշտոնական դիմում

Վերջին օրերին մամուլում հրապարակումներ եղան, որ կինոռեժիսոր, «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կինը՝ բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանը, ընգրկված է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 116-րդ հորիզոնականում:

Երեկ Տիգրան Խզմալյանը «Facebook»-ի իր էջում արձագանքել է կնոջ` ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու փաստին:

«ՀՀԿ ընտրացուցակում կնոջս` Նարինե Միրզոյանի հայտնվելու թյուրիմացությունը հօդս է ցնդել. նա ներկայացրել է ինքնաբացարկի պաշտոնական դիմումը: Հուսով եմ, որ այս զավեշտական պատմության շուրջ ստեղծված չարախնդության խրախճանքն ավարտվելու է, քանզի այն արտացոլում է միայն դրա սպասավորների այտուցված գավառականությունն ու անառողջ երևակայությունը: Ինչպես ասում է բրիտանական բարձրագույն ասպետական շքանշանի կարգախոսը՝ «Թող ամաչի նա, ով այս մասին չարախոսեց»: Շնորհակալ եմ ընկերներիս, ով չարին չհավատաց»:

Այսօր Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջում ավելացել է նաև Նարինե Միրզոյանի հայտարարությունը.

«Վերջին օրերին իմ անվան շուրջ ստեղծված իրավիճակը ստիպում է ինձ բացատրություններով հանդես գալ հասարակության առջեւ: Ես բժշկական գիտությունների դոկտոր եմ, Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ` այն ուսումնական հաստատության, ուր սովորել եմ ու աշխատել երկար տարիներ և որի ստեղծման ու զարգացման հետ կապված եմ ընտանիքիս երեք սերունդներով: ԵՊԲՀ-ը միշտ և հատկապես այժմ եղել ու և մնում է ինձ համար հարազատ ու մտերիմ: Ասում եմ այս ամենը, որովհետև ամենից շատ ցանկանում եմ իմ կատարած սխալի պատճառով առաջացած խնդիրներից զերծ պահել իմ հարազատ համալսարանը և նրա ղեկավարությանը: Սխալս կայանում է նրանում, որ չլինելով որևէ քաղաքական կուսակցության անդամ և լավ չպատկերացնելով ընթացիկ նախընտրական գործողությունների տրամաբանությունը, ես ընդգրկվեցի Հանրապետական կուսակցության ընտրացուցակի մեջ: Ընդգծում եմ, որ արել եմ դա սեփական թյուրըմբռնման պատճառով, որի համար ողջ պատասխանատվությունը` ինչպես բարոյական, այնպես և վարչական` կրում եմ ինքս: Ցանկացած աշխատող հայ կնոջ պես, կյանքիս երկու գլխավոր կենտրոններն եմ համարում ընտանիքս ու աշխատանքս, իմ դեպքում` գիտությունն ու մանկավարժությունը: Պետք է խոստովանեմ, որ քաղաքականությունը իմ հետաքրքրությունների մեջ երբեք չէր մտնում ու ես հենց այս պատճառով անհրաժեշտ եմ համարում դիմել խնդրանքով` ընդունել ՀՀԿ ընտրացուցակից իմ ինքնաբացարկը»:

Այս խորագրի վերջին նյութերը