Լրահոս

11.04.2012 17:26


Մեկնարկեց «Բաց խաղ» համակարգչային խաղերի նախագծման 2012թ.առաջնությունը

Մեկնարկեց «Բաց խաղ» համակարգչային խաղերի նախագծման 2012թ.առաջնությունը

    Այսօր մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: Մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել իրենց մտահղացումները և մասնակցել տարբեր նախագծերի իրականացմանը լավագույն ՏՏ ընկերություններում:  

            «Սա այն ոլորտներից է, որ դեռ բավականաչափ չի հետազոտվել ու շահագործվել Հայաստանում: Անցյալ տարվա առաջնության ժամանակ ինչպես մասնակիցների քանակը, այնպես էլ ներկայացված նախագծերի որակը գերազանցեցին մեր բոլոր ակնկալիքները: Այն զարգացումը, որ մենք նկատեցինք մասնակիցներից շատերի մոտ, պարզապես ապշեցուցիչ էր, իսկ մրցույթին մասնակցում էին նույնիսկ դպրոցականներ: Ուրախությամբ հայտարարում ենք երկրորդ առաջնության մեկնարկը, և ակնկալում ենք, որ այս տարի նախագծերն էլ ավելի հետաքրքիր ու օրիգինալ կլինեն»,- ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:  

 «Համակարգչային խաղերի ոլորտն արդեն իր հաստատուն դերն ունի ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում: 2011թ. մենք հրաշալի կատարումներով նախագծեր տեսանք, որոնք արդեն ամբողջովին պատրաստ են և կարող են շուկա մտնել: Ուրախ ենք այս տարի նույնպես համագործակցել ԻՏՁՄ-ի հետ` աջակցելու նոր ու հետաքրքիր գաղափարների իրագործմանը: Այս տարի ավելի շատ ենք շեշտը դրել բջջային հավելվածների ոլորտի վրա, քանի որ այն դինամիկ կերպով զարգացող ու աճող ոլորտ է Հայաստանում, ինչպես և աշխարհում: Մեծ հետաքրքրությամբ ենք սպասում մասնակից նախագծերին», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

            «Բաց Խաղ» համակարգչային խաղերի առաջնությունն անցկացվելու է 4 փուլով և ունենալու է 9 անվանակարգ` Լավագույն բջջային խաղ, Սցենար, Նորարարություն, Դիզայն, Պատանիների առաջնություն (Junior), Լավագույն սոցիալական բջջ. հավելված, Լավագույն ժամանցային հավելված, Լավագույն հաղորդակցություն հավելված:

            Յուրաքանչյուր փուլի ընթացքում ժյուրին կդիտարկի նախագծերը, կբացահայտի թերությունները և կսահամանի յուրաքանչյուր նախագծի համար տեխնիկական առաջադրանքներ:

           Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ, ովքեր իրենց խորհրդատվությամբ կաջակցեն մասնակիցներին մրցույթի ընթացքում:  Մրցույթն անցկացվում է  Sourcio, Teoken, Tx Systems, Triada, MicroSoft-RA ընկերությունների և Association of Modern Technologies Professionals,  National Professional Cybersport League (NPCL)  աջակցությամբ:

            «Բաց Խաղ» համակարգչային խաղերի առաջնությունը չունի ո՛չ տարիքային և ո՛չ նախագծերի տիպերի և տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Գրանցվելու համար հարկավոր է մինչև սեպտեմբերի 30-ը ուղարկել հայտը [email protected] էլ. հասցեին: Նրանք, ովքեր կգրանցվեն մինչև ապրլի  30-ը, հնարավորություն կունենան մասնակցելու համակարգչային խաղերի դիզայնին և նախագծմանը նվիրված սեմինարներին, ինչը կօգնի առաջնության մեկնարկին արդեն զինված լինել լրացուցիչ մասնագիտական հմտություններով:

            Միջոցառման եզրափակիչ փուլի ժամանակ կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն մասնակիցների մշակած խաղերը և համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ընկերությունների աշխատանքները:

«Բաց Խաղ» համակարգչային խաղերի նախագծման առաջին առաջնությունը անցկացվել է 2011թ: Առաջնությանը մասնակցում էին 25 թիմեր, որոնք ներկայացնում էին ինչպես գրաֆիկ ստուդիաներ,  այնպես էլ ուսանողների և անգամ դպրոցականների խմբեր: Առաջնությունն ավարտվեց ցուցահանդեսով, որի ժամանակ բոլոր այցելուները կարող էին խաղալ արդեն պատրաստի խաղերը:

Այս խորագրի վերջին նյութերը