Լրահոս

11.04.2012 10:27


Ռուսաստանի հայերի միությունում վստահ են, որ իր ընտանիքը պաշտպանած Գագիկ Սարգսյանի նկատմամբ արդար որոշում կկայացվի

Ռուսաստանի հայերի միությունում վստահ են, որ իր ընտանիքը պաշտպանած Գագիկ Սարգսյանի նկատմամբ արդար որոշում կկայացվի

Ապրիլի 7-ին Տուլայի մարզում հայազգի գործարար Գագիկ Սարգսյանը, պաշտպանվելով իր տան վրա հարձակված ավազակներից, սպանել էր նրանցից երեքին: Դեպքի վերաբերյալ Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Ինչպես հայտնի է, ողբերգական միջադեպ է տեղի ունեցել 2012թ. ապրիլի 7-ին: Ռուսաստանի Տուլայի մարզի Բոգորոդնիցկի շրջանի Օկտյաբրսկի գյուղում երեկոյան ժամը 9-ի սահմաններում ավազակային հարձակում է կատարվել գործարար Գագիկ Սարգսյանի տան վրա: Չորս ավազակներ, (ինչպես հետագայում պարզվել է` նախկինում ազատազրկված) զինված ատրճանակով, դանակներով և բեյսբոլի մահակով, ներխուժել են տուն և սկսել են հարվածներ հասցնել ոչ միայն տան տիրոջը, այլ նաև տանը եղած կանանց և նույնիսկ չորս մանկահասակ երեխաներին, որոնցից ամենակրտսերը մոտ մեկ տարեկան է:

Գ. Սարգսյանը, պաշտպանելով իր ընտանիքը, խլել է խոհանոցային դանակը և հարձակվողներին հարվածներ է հասցրել, որի հետևանքով նրանցից երեքը տեղում մահացել են:
Ներկայում Գ. Սարգսյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է գտնվում: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, և՛ փորձագետները, և՛ հարևանները գալիս են այն եզրահանգման, որ ընտանիքի հայրը ամեն բան նախաձեռնել է՝ իր ընտանիքը փրկելու, պաշտպանելու համար:
Սակայն որոշ մարդիկ կասկածներ են հայտնել, թե պաշտպանելով իր ընտանիքը՝ Սարգսյանը, հնարավոր է, գերազանցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանը:
Այդ ողբերգական միջադեպը հասարակական լայն արձագանք է ստացել:
Ռուսաստանի հայերի միության հասցեով բազմաթիվ զանգեր և նամակներ են ստացվում տարբեր ազգերի ներկայացուցիչներից, որոնք խնդրում են հետամուտ լինել գործի մանրամասն և արդար քննության անցկացմանը:

Այդ կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է, որ ՌՀՄ ղեկավարությունը ողբերգության հայտնի դառնալուց անմիջապես հետո կապ է հաստատել ՌԴ դաշնային համապատասխան իրավապահ և պետական գերատեսչությունների հետ, որոնք հավաստել են, որ տեղական կառավարման մարմինները ակտիվորեն զբաղվում են այդ գործի քննությամբ: Նաև գործադրվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Գ.Սարգսյանին և մյուս տուժածներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու և նրանց անվտանգությունը ապահովելու համար:
Մենք ուշադիր հետևում ենք այդ լայն հնչեղություն ստացած գործի զարգացմանը և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր հայրենակցի ընտանիքին համակողմանի աջակցություն տրամադրել:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի հայերի միությունում վստահ են, որ անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտին որոշակի հետևություններ կարվեն, և իր ընտանիքը պաշտպանած Գ. Սարգսյանի նկատմամբ արդար որոշում կկայացվի»:

Այս խորագրի վերջին նյութերը