Հարցազրույց

10.04.2012 13:03


Լիլիթ Շաքարյան.

Լիլիթ Շաքարյան.

Հարցազրույց Հայ–Ռուսական Սլավոնական համալասարանի ուսանող Լիլիթ Շաքարյանի հետ

 -Այսօր տարբեր կուսակցություններ հավաքում են երիտասարդներին և ելույթ են ունենում իրենց առջև, սակայն շատ անգամ դրանց մասնակիցների դեմքերը այդ հավաքներին լինում են գրեթե նույնը՝ չարտահայտելով ոչ մի զգացմունք: Ի՞նչ եք կարծում՝ երիտասարդները այսօր հասկանո՞ւմ են, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում, և ընդհանրապես պատկերացում ունե՞ն երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացներից։

 

–Շատ կուզենայի, անգամ առանց մի վայրկյան մտածելու, այս հարցին «այո» պատասխանել, բայց, ցավոք, պետք է ասեմ՝ ո՛չ, մեր երիտասարդության զգալի մասը այսօր պասիվ է և չի հետաքրքրվում իր երկրի ապագայով։ Սակայն ամենավտանգավորն այն է, որ այդ պասիվությունը գալիս է տգիտությունից: Շատերը չեն հասկանում, թե ինչ է կատարվում և այդ իսկ պատճառով ընտրություններից առաջ փորձում են շատ «խելացի» երևալ. կարճաժամկետ պլաններ են գծում` ինչպես մի փոքր գումար պոկել այս կամ այն կուսակցությունից հանրահավաքներին մասնակցելով, շտաբներում որևէ տեղ զբաղեցնելով և այլն: Վերջերս երթուղայինում ծանոթ զինվորի հանդիպեցի, ասում է՝ քաղաքագետը դե ինչ պետք ա անի՝ պետք ա պատգամավոր դառնա... Կարծում եմ՝ այս պատասխանից հետո խոսքերն ավելորդ են:

–Այսօր ավագ սերնդից հաճախ կարելի է լսել, որ երիտասարդությունը մեր ապագան է ու փրկությունը: Սակայն կարծես թե քաղաքականությամբ զբաղվում են ավելի շատ կարիերիստները, քան իսկապես գաղափարական մարդիկ: Ի՞նչ եք կարծում՝ իսկապե՞ս այսօրվ երիտասարդությունը կարող է դեպի լավը փոխել մեր իրականությունը։


–Նյութականը միշտ էլ հեշտ տեսանելի է և շոշափելի, ու զարմանալի չէ, որ շատերը դրա հետևից են վազում (երիտասարդներին էլ որոշ չափով մեղադրելի չէ, երբ անգամ բարձրագույն կրթություն ստանալուց հետո աշխատանքի չեն կարողանում տեղավորվել, իսկ երկրում ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, երբ շողոքորթությունն է օգնության հասնում)։ Ի դեպ, դա կարող են հաստատել ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնց մեծ մասը կոմունիստական կուսակցություն էր մտնում ոչ թե գաղափարի, այլ զուտ կարերիայի համար: Բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, կան երիտասարադներ, որոնք գաղափար կրող են, և սա պետության հզորության միակ գլխավոր հիմքերից է: Այո, մենք մեր երկրի ապագան ենք, և համոզված եմ, որ գաղափար կրող երիտասարդները, որոնք միշտ էլ տարբեր պատմական շրջաններում և երկրներում քիչ են եղել, պետք է ուղղորդեն նյութականը կրողներին, որպեսզի ճիշտ նպատակի, կարևորը՝ ազգային նպատակների համար օգտագործվի այդ նյութականը: 

–Ձեր կարծիքով՝ այս ընտրությունները մի բան կփոխե՞ն։

–Պետք է որ ոչ թե մի բան, այլ մի քանի բան փոխի, բայց դա մեզանից յուրաքանչյուրի ցանկությունը և նպատակը պետք է լինի: Դրա համար պետք է ոչ թե «հավատալ» այն քաղաքական ուժին, որն այս 5 տարիների ընթացքում ստիպել է, որ երկրից անվերադարձ հեռանան 140 000 քաղաքացի, աղքատության ցուցանիշը հասցրել է 36 տոկոսի, անկում են գրանցել երկրի գրեթե բոլոր ոլորտները, այլ պետք է անպայման մասնակցել ընտրություններին և ընտրել այնպես, որ ստեղծված ճահիճը ավելի չխորանա և երկրում չմնա անգրագետ «մեծամասնությունը»: Մայիսի 6–ի ԱԺ-ի ընտրությունները պետք բերեն համակարգային փոփոխության, այլապես արտագաղթի կրկնապատկվելը անխուսափելի կլինի, ՕԵԿ-ը և նմանատիպ կուսակցությունները կդառնան «բարոյականության էտալոն», և վերջ ի վերջո կկորցնենք պետությունը:

Զրույցը վարեց Նինա Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը