Լրահոս

06.04.2012 17:23


Կանխվել են թմրամիջոցների ներկրման և թանկարժեք մետաղների մաքսանենգության դեպքեր

Կանխվել են թմրամիջոցների ներկրման և թանկարժեք մետաղների մաքսանենգության դեպքեր

Օրերս ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մեղրիի մաքսակետում հսկողության են ենթարկել Թեհրան-Երևան ուղևորային ավտոբուսով ժամանած ՀՀ քաղաքացի Զավեն Ստեփանյանին: Վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել է մետամֆետամին  թմրամիջոց, որի ընդհանուր քաշը կազմել է 28 գրամ: Հիշեցնենք, որ մետամֆետամինի 1,5 գրամն արդեն իսկ ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի համարվում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:

Իսկ Բավրայի մաքսակետում վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, Ստամբուլ-Երևան երթուղու ավտոբուսի ուղևոր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Ղազարյանի մոտ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցրած 211 գրամ ընդհանուր քաշով դեղին և սպիտակ ոսկյա զարդեր, որոնք ուղևորը փորձում էր տեղափոխել` թաքցնելով  կոշիկների մեջ:

Բագրատաշենի մաքսակետում էլ մաքսային հսկողության են ենթարկել Ստամբուլ-Երևան երթուղով ժամանած ավտոբուսի ուղևոր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Մանուկյանի ուղեբեռը: Պարզվել է, որ Մանուկյանը, մաքսային հսկողությունից թաքցնելով, փորձում էր ներմուծել արծաթյա տարբեր տեսակի զարդեր, որոնց քաշը գերազանցում էր 1 կիլոգրամը:

Ի դեպ, 2011թ. ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը կանխել է ոսկյա և արծաթե իրերի մաքսանենգության մի շարք դեպքեր, որոնցով փորձ է արվել հանրապետություն ներկրել ավելի քան 4 կգ չհայտարարագրված զարդեր:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը