Լրահոս

03.04.2012 15:10


ՀԿԵ-ն հորդորում է բնակչությանը պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները

ՀԿԵ-ն հորդորում է բնակչությանը պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հորդորում է բնակչությանը պահպանել անվտանգության կանոնները երկաթուղիում:

Ընկերությունը հիշեցնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:

Սակայն, նույնիսկ պահպանվող գծանցներում վարորդները հաճախ անտեսում են հերթապահների կարգադրությունները և փորձում են շրջանցել արդեն փակված ուղեփակոցը, անցնել գծանցը մեծ արագությամբ ընթացող գնացքի առաջ:

Գծանցներում երթևեկության ապահումը խիստ կարևոր է, հաշվի առնելով գնացքների արագության ավելացումը, ինչը իր հերթին պահանջում է գծանցների տեխնիկական վերազինում, տեխնոլոգիական ու աշխատանքային կարգապահության մակարդակի բարձրացում:

ՀԿԵ-ն հորդորում է բնակչությանը լինել ավելի ուշադիր երկաթուղային կայարաններում, երկաթուղային գծեր հատելիս: Երկաթուղին պահանջում է պահպանել անվտանգության կանոնները, չանցնել գծերը ինքնակամ՝ հարմար, բայց դրա համար բոլորովին չնախատեսված տեղում, չօգտագործել գծերը որպես արոտավայրեր տնային անասունների համար: Նման  երևույթները մեծ սպառնալիք են դարձել գնացքների անվտանգության համար:  

Իր հերթին ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր միջոցները գնացքների անվտանգության ապահովման համար՝ անցկացնելով գծանցների վերազինման և վերանորոգման ծրագիրը, հերթապահների հետ տեխնիկական ուսուցողական դասընթացները, վարորդներին բաժանելով անվտանգ երթևեկության թերթիկները:

Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգության կանոնների մասին բնակչության իրազեկմանը` այս նպատակով բոլոր կայարաններում քաղաքացիների, երեխաների համար տեղադրված են հատուկ հուշաթերթիկներ:  ՀԿԵ-ն նաև համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, երկաթուղու հարևանությամբ գտնվող ձեռնարկությունների, դպրոցների հետ, որոնք բացատրում են բնակչությանը, աշխատակիցներին, աշակերտներին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն կրկին հորդորում է քաղաքացիներին չվտանգել իրենց կյանքն ու առողջությունը, գծերն անցնելով դրա համար չնախատեսված տեղերում: Պետք է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը չի կարող արգելակել անմիջապես և արտակարգ արգելակման ժամանակ էլեկտրական գնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետրից ոչ պակաս: Եթե պահպանվեն անվտանգության բոլոր կանոնները, դժբախտ պատահարներ չեն լինի:

Այս խորագրի վերջին նյութերը