Լրահոս

02.04.2012 17:48


Ոստիկանությունը փորձում է ահաբեկե՞լ Մարտուն Գրիգորյանին

Ոստիկանությունը փորձում է ահաբեկե՞լ Մարտուն Գրիգորյանին

Մի քանի օր առաջ Գյումրիում սկիզբ առած ՀՀԿ-ԲՀԿ բախումը նոր զարգացումներ է ստանում: Մասնավորապես ոստիկանությունը սկսել է անհանգստացնել թիվ 34 ընտրատարածքում մեծամասնական կարգով պատգամավորության թեկնածու առաջադրված, Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին և նրա շրջապատին: Երեկ երեկոյան պատգամավորի մամուլի խոսնակ Աղասի Աբրահամյանն ահազանգել է, որ ոստիկանությունը փորձել է խուզարկություն իրականացնել Մարտուն Գրիգորյանի տանը։

–Ոստիկանները ներկայացել են Լալայան 2գ հասցեով տուն, որը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սեփականությունն է: Ուզել են դատարանի սանկցիայով խուզարկություն իրականացնել, մենք բացարձակապես չենք միջամտել, ներկայացվել է տան սեփականության վկայագիրը, համոզվել են, որ իրենք իրավունք չունեն օրենքով՝ բացարձակ հորինովի, մտացածին պատրվակներով խուզարկություն իրականացնել և այդ գաղափարից հրաժարվել ու հեռացել են,–ասել է Մարտուն Գրիգորյանի մամլո խոսնակ Աղասի Աբրահամյանը:

Սակայն տարօրինակն այն է, որ մարզային ոստիկանությունից հերքում են խուզարկության նպատակով պատգամավորի տուն այցելելը: Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը տեղեկացրել է, որ քաղաքային ոստիկանության աշխատակիցները պատգամավորի բնակարան են այցելել ոչ թե խուզարկության, այլ ուրիշ պատճառով: Պատճառներից մեկը կարող է լինել պատգամավորի հոր՝ Կամո Գրիգորյանի մասնակցությունը տեղի ունեցած վիճաբանությանն ու ծեծկռտուքին:

Սակայն Մարտուն Գրիգորյանի մամլո խոսնակ Աղասի Աբրահամյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ ինքն անձամբ տեսել է Մարտուն Գրիգորյանի բնակարանը խուզարկելու դատարանի սանկցիան։

Նա ոստիկանության այս քայլը գնահատում է որպես ճնշում թեկնածու Մարտուն Գրիգորյանի նկատմամբ, ինչը նպատակ ունի շեղել իրենց ուշադրությունը քարոզարշավից։

–Այս քայլը կապում եմ ասեկոսեներն ավելի ու ավելի տարածելու, այդ եղած ու չեղած մեզ անհայտ կոնֆլիկտին մեծ հասարակական–քաղաքական հնչեղություն հաղորդելու, քաղաքական լուրջ գործընթացների նախաշեմին մարդկանց ահաբեկելու, մարդկանց դիրքերը թուլացնելու, սեփական իրավունքների մասին մոռացնել տալու հետ: Ինչի՞ համար է արվում այս ամենը ընտրություններից մեկ ամիս առաջ: Մեզ շեղում են մեր գործից՝ պաշտոնական լուրջ քարոզչություն իրականացնելուց,–նշել է Աղասի Աբրահամյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը