Լրահոս

02.04.2012 17:19


Ոստիկանությունը պարզաբանում է

Ոստիկանությունը պարզաբանում է

«Հայկական ժամանակ» օրաթերթի «Ոստիկանությունը դեռ լռում է» վերտառությամբ հոդվածում հրապարակված տեղեկատվության համաձայն ոստիկանությունն իբր չի պարզաբանել Գարեգին Նժդեհի 35 հասցեի 11-րդ բնակարանում հարյուրից ավելի անձանց հաշվառման հարցը:

Ոստիկանության կողմից նշված հարցի վերաբերյալ տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, որոնք հրապարակվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի 30.03.2012 թ. համարում:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ Գարեգին Նժդեհի 35 շենքի թիվ 11 բնակարանում օրինական հիմքերով հաշվառված են 101 քաղաքացի: Քանի որ հաշվառումն իրականացվել է բնակարանի սեփականատիրոջ համաձայնությամբ, հետևաբար, ըստ գործող օրենսդրության, հաշվառումից հանելու գործողությունը պետք է իրականացվի միայն նրա դիմումի հիման վրա: Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզաբանումներ ստանալու նպատակով, կապ է հաստատվել արտերկրում գտնվող բնակարանի սեփականատիրոջ հետ: Վերջինս հայտարարել է, որ այլևս չի ցանկանում հաշվառման մեջ թողնել հիշյալ 100 քաղաքացիներին: Սեփականատիրոջ ուղարկած լիազորագրի հիման վրա` լիազորված անձի դիմումով Գարեգին Նժդեհի 35 հասցեի 11-րդ բնակարանում հաշվառված 100 անձինք հանվել են հաշվառումից:

Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի և  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց առանց Հայաստանում հաշվառելու ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու վերաբերյալ մեկնաբանություններին, ապա պարզաբանում ենք հետևյալը:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի  2-րդ մասի համաձայն (նշված հոդվածի 2-րդ մասը լրացվել է 2010 թվականի փետրվարի 25-ին ընդունված ՀՕ-26-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել նույն թվականի մարտի 13-ին) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:  ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն՝ բնակչի մշտական բնակության վայր է համարվում այն վայրը (կացարանը), որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր (կացարան): Նույն կարգի համաձայն՝ բնակվելու փաստը հավաստվում է սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով, սեփականատիրոջ համաձայնությամբ, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթերով:

Հետևաբար, անձնագիր ստանալիս հաշվառման հասցեի  նախընտրությունը   ՀՀ քաղաքացու սուբյեկտիվ իրավունքն է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը