Լրահոս

30.03.2012 17:57


Հրդեհի ազդանշանը` վայրկյանների ընթացքում

Հրդեհի ազդանշանը` վայրկյանների ընթացքում

 Հրդեհի բռնկում, ահազանգում, հրշեջների ժամանում դեպքի վայր, բացազատում և հրդեհաշիջում։ Ինչպես ցույց է տալիս փորձը` այս շղթայի մեջ հրդեհի ծագումից հետո թանկարժեք րոպեներ են կորչում, մինչև քնած տանտերը կամ աչալուրջ հարևանը ահազանգում են հրշեջներին։ Եվ այդ րոպեները մարդկային կյանքեր ու նյութական մեծ կորուստներ են արժենում։ Իրենց ողբերգական ծանր հետևանքներով դեպքերից հետո Ռուսաստանի Դաշնությունում մշակեցին հրդեհային անվտանգության, մոնիթորինգի և ազդարարման նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս հրդեհի ծագումից հաշված վայրկյաններ անց ահազանգը հնչեցնել ճգնաժամային կառավարման կենտրոնում։ Ռուսաստանում նաև հատուկ օրենք ընդուվեց, որով հասարակական նշանակության բոլոր օբյեկտներին` դպրոցներ, հիվանդանոցներ, առևտրային ու մշակութային կենտրոններ…, պարզապես պարտադրեցին իրենց հակահրդեհային ահազանգման համակարգերը միացնել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնին։

ՀՀ ԱԻՆ-ն իր ճգնաժամային կառավարման կենտրոնը ստեղծելով ու ներգրավելով արտասահմանյան մի շարք երկրների փորձագետների` փորձում է տեղայնացնել և ներդնել այն լավագույնը, որ այսօր արդյունավետ գործում է աշխարհում։  Իսկ ռուսների ստեղծած «Стрелец-Мониторинг» համակարգը պաշտպանում է ոչ միայն ՌԴ-ի 150 քաղաք, այլև Մեծ Բրիտանիայի հարկային տեսչության, Օքսֆորդի և Լոնդոնի համալսարանների, Ավստրիայի դպրոցների և Հունգարիայի գիտությունների ակադեմիայի շենքերը։

Շատ շուտով ԱԻՆ ՃԿԿ կմիացվեն կարևորագույն բոլոր օբյեկտները

Մարտի 30-ին «SOS Systems» ընկերությունը, որը զբաղվում է Հայաստանում նորարար տեխնոլոգիաների, մասնավորապես` մոնիթորինգի ու հակահրդեհային համակարգերի ներդրմամբ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ներկայացրեց` ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ մշակած հրդեհային անվտանգության, մոնիթորինգի և ազդարարման նոր համակարգը։

Շենքերում տեղադրված և կապի բոլոր միջոցներով աշխատող ազդանշանային սարքերի միջոցով հրդեհի, գազի արտահոսքի, ճառագայթման ահազանգը վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով հաղորդվում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։ Այնտեղից երկկողմանի կապի օգնությամբ տագնապի ազդանշանը (ձայնային կամ բջջային հեռախոսի կարճ հաղորդագրությամբ, լուսագրերով և այլ եղանակներով) հաղորդվում է տվյալ շենքում գտնվող մարդկանց և դեպքի վայր են ուղարկվում փրկարարական ուժեր։

Տագնապի ազդանշանի հետ միաժամանակ ՃԿԿ-ում համակարգիչների էկրաններին հայտնվում են տեղեկություններ տվյալ շինության մասին (հատակագիծ, քարտեզ, ճանապարհներ,  աշխատակիցների թիվ և այլն)։ Շենքի տարբեր հատվածներում տեղադրված հաղորդիչները կառավարման կենտրոն են փոխանցում տեղեկություններ` ծխի տարածման ուղղության, կրակի օջախների ու շինության առավել վտանգավոր կետերի վերաբերյալ։

« Стрелец-Мониторинг» համակարգը համատեղելի է գրեթե բոլոր մնացած անվտանգության և ազդանշանային համակարգերի հետ։  

Ազդարարման անհատական համակարգ

Ընկերությունն արտադրում է նաև ազդարարման անհատական համակարգեր` հրշեջ-փրկարարների անվտանգությունն ապահովելու համար։ Սարքն ամրացվում է հրշեջի գոտուն, և եթե վերջինս 45 վայրկյանից ավելի չի շարժվում, դրա մասին ավտոմատ ազդանշան է գնում հրդեհաշիջման շտաբ։ Նույն սարքից միանում է ուժեղ ձայնային ազդանշան, պարբերաբար տեղի է ունենում լույսի ուժեղ բռնկում, ինչպես նաև ռադիոազդանշանի միջոցով տեղեկություններ են փոխանցվում հրշեջի գտնվելու վայրի մասին, որպեսզի նույնիսկ չափազանց ցածր տեսանելիության պայմաններում հնարավոր լինի գտնել և օգնություն ցուցաբերել նրան։ Երկկողմանի կապի շնորհիվ` հնարավոր է հետևել հրդեհի գոտում զարգացող իրավիճակին և վտանգի դեպքում հրդեհաշիջման շտաբից հրահանգել հրշեջին լքել տարածքը։

«SOS Systems»-ը ՀՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանին հանձնեց հրշեջ-փրկարարների ազդարարման անհատական համակարգի մեկ լրակազմ։

Արմեն Երիցյանը բարձր գնահատական տվեց համակարգին

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ այս համակարգի ներդրումը զգալիորեն կարագացնի և առավել արդյունավետ կդարձնի  փրկարար ուժերի արձագանքը։ Այն պետք է աստիճանաբար ներդրվի ամբողջ երկրում, որպեսզի հրդեհի ահազանգը վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով հասնի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։

«SOS Systems» ընկերության գլխավոր տնօրեն Արա Յաղջյանը տեղեկացրեց, որ « Стрелец-Мониторинг» համակարգն արդեն տեղադրվել է Հայաստանի մի քանի օբյեկտներում և աշխատանքներ են տարվում բոլոր կարևոր, մարդկանց մեծ կուտակումներ ունեցող ու սոցիալական նշանակության օբյեկտներն այդ համակարգով ապահովելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը