Լրահոս

29.03.2012 16:22


Հայաստանում բնակչության թիվը նվազում է, ընտրողների թիվը՝ աճում

Հայաստանում բնակչության թիվը նվազում է, ընտրողների թիվը՝ աճում

Ընտրողների ցուցակների հրապարակումից հետո Գյումրու հասարակական-քաղաքական շրջանակներում հիմնավորվեց այն կարծիքը, որ իշխանությունը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ըտրություններին աննախադեպ կեղծիքների դիմել: Ըստ արդեն հրապարակված ցուցակների՝ Շիրակի մարզն ընդգրկող 4 ընտրատարածքներում ընտրողների թվի աճ է գրանցվել, ինչը հատկապես մարզից մեծ չափերի հասնող արտագաղթի և ծնելիության մակարդակի անկման պարագայում, մեղմ ասած, տարօրինակ է:

2007թ. մայիսի 12-ի ԱԺ ընտրություններին Շիրակի մարզում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 214.722 հազ, իսկ այսօր ընտրացուցակներում ներառված է 228.325 հազ քաղաքացի: Այսինքն, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը մարզում ավելացել է 13.600 հազարով: Բնականաբար, ըստ պաշտոնական տվյալների, ընտրողների թիվն ավելացել է նաև Գյումրիում. եթե 2007–ին Գյումրիում գրանցված է եղել 119 հազ ընտրող, ապա այսօր այդ թիվը կազմում է 125 .536 հազ: Մասնագետների կարծիքով խիստ տարօրինակ է, որ մարդահամարի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում բնակչության թիվը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում:

Հիմնվելով վերջին մարդահամարի տվյալների վրա՝ էթնոժողովրդագետ Արտաշես Բոյաջյանը բացառում է, որ մարզում կարող է լինել ընտրելու իրավունք ունեցող 228.325 հազ քաղաքացի: Ըստ էթնոժողովրդագրի՝ Շիրակի մարզը կարող է ունենալ առավելագույնը 180 հազ ընտրող.

–Մեր մարզը ունի 280 հազ բնակիչ, որոնցից 100 հազարն ընտրողներ չեն, մինչև 18 տարեկան են։ Եթե հանենք 100 հազարը, կմնա 180 հազ ընտրող։

Էթնոժողովրդագրի կարծիքով այս ամիսներին մարզի բնակչության մի մասը սկսում է մեկնել արտագնա աշխատանքի: Ըստ վիճակագրության՝ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կազմում է 70-80 հազ:

–Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱԺ ընտրություններին մասնակցում է ընտրողների կեսից քիչ ավելին, ստացվում է, որ մեր մարզում ընտրություններին մասնակցողների թիվը 50-60 հազարի մեջ է տատանվելու, իսկ Գյումրիում 30 հազար է լինելու: Եթե ստացվի էնպես, որ մարզում ընտրություններին մասնակցողների թիվը կազմի 130-140 հազ, ապա միանշանակորեն կարելի է ասել, որ ընտրությունները կեղծված են,–նշել է Արտաշես Բոյաջյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը