Լրահոս

28.03.2012 16:46


Վարչապետը ծանոթացել է գյուղմթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության զարգացման ծրագրերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Եվրոթերմ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է 1998 թ-ին հիմնադրված մրգերի, բանջարեղենի վերամշակման և բնական հյութերի, պահածոների և խտահյութերի արտադրությամբ զբաղվող ընկերության արտադրանքին ու առաջիկա ծրագրերին: 
Ընկերության սննդային ապրանքներն արտադրվում և վաճառվում են «Նոյան», «Մենք», «Ֆիեստա» և «Ալպենջուս» ապրանքանիշերով: «Եվրոթերմ»-ը հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրող և արտահանող ընկերություններից մեկը, որի «Նոյան» ապրանքանիշով բնական հյութերի և նեկտարների արտահանման ծավալները կազմում են վաճառքի ընդհանուր ծավալների մոտ 50 տոկոսը, մուրաբաների և պահածոներինը՝ 92, իսկ խտահյութերի դեպքում այս ցուցանիշը կազմում է 9 տոկոս: Ներկայում ընկերության արտադրանքն իրացվում է ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ուկրաինայիում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, ԱՄԷ-ում, Իրանում:
Գյուղատնեսական հումքի ձեռքբերման գների կայունացման, հումքի որակի վերահսկողության համակարգի ներդրման նպատակով ընկերությունն Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղում ձեռք է բերել շուրջ 140 հա հողատարածք: Տնկվել է 10 հազարական ծիրանենի և դեղձենի, 60 հազար խաղողի վազ, 4 հազար կեռասենի, 100 ընկուզենի: Հողատարածքներում վարվում է օրգանական գյուղատնտեսություն:
Արտահանման շուկաներում վաճառքների ծավալների շարունակական աճն ապահովելու և արտադրական ծավալների ընդլայնման նպատակով ընկերությունն իր հողատարածքներին կից՝ Վանանդ համայնքում նախատեսում է կառուցել մրգի վերամշակման նոր գործարան, որտեղ կտեղակայվեն տոմատի և թարմ մրգերի վերամշակման, ասեպտիկ պարկերում առաջնային և խտացված խյուսերի արտադրությունները:
Սարքավորումների արտադրական հզորությունը թույլ կտա վերամշակել օրական 350 տոննա միրգ և բանջարեղեն, արտադրել 150 տոննա մրգային խտահյութ կամ 60 տոննա տոմատի մածուկ, իսկ ամռանը և աշնանն ընդհանուր առմամբ վերամշակել 40հազար տոննա միրգ և լոլիկ, ստանալով՝ 12 հազար տոննա մրգային խտահյութ և 2 հազար տոննա տոմատի մածուկ: 
Նոր գործարանի կառուցման և թողարկման համար պահանջվում է մոտ 6 մլն 800 հազար դոլարի ներդրում: Նախատեսվում է, որ այդ նպատակով ընկերությունն իր միջոցների հաշվին կներդնի 1 մլն 700 հազար դոլար, իսկ մյուս 5 մլն 100 հազարը կներգրավվի երկարաժամկետ վարկային միջոցների հաշվին:
Նոր գործարանի շինարարական աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա հունվարին և նախատեսում է ավարտել մինչ 2012-ի մայիսի 15-ը: 
Գործարանի հոսքագծերը կներկրվեն Իտալիայից, որոնց տեղակայման և թեսթավորման աշխատանքները կավարտվեն մինչ հունիսի 20-ը: Այսպիսով՝ ընկերության նպատակն է պատրաստվել ծիրանի վերամշակմանը:
Սույն ներդրումային ծրագրի իրականացման համար ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով: 
2011թ.-ին «ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից հավանության է արժանացել մրգերի, բանջարեղենի վերամշակման և բնական հյութերի արտադրության ծավալների ընդլայման ընկերության ծրագիրը, ինչի արդյունքում ընկերությանն է տրամադրվել է 220 մլն դրամի վարկ: Վարկային միջոցներն ուղղվել են շրջանառու միջոցների համալրմանը, մասնավորապես` գյուղմթերքների մթերմանը և արտադրության համար անհրաժեշտ այլ հումքերի ձեռքբերմանը:
Ընկերությունն ունի 323 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 110-120 հազար դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը